ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ՍԱՆԱՀԻՆՑԻՆԵՐԻՆ

  Armenian Russian English

   Օրերս շահագործման հանձնվեց Ալավերդու Սանահին երկաթուղային կայարանում գտնվող թիվ 3 մանկապարտեզի նոր մասնաշենքը՝ հագեցած ջեռուցման ժամանակակից համակարգով, կենցաղային տեխնիկայով եւ հարմարավետ, արդի չափորոշիչներին համապատասխանող կահավորանքով:
   Նախադպրոցական հաստատության վերակառուցումն ու նորոգումն իրականացվել է հիմնականում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աջակցությամբ: Ինչպես տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, միայն ՀԿԵ-ն 22 մլն դրամ է տրամադրել մանկապարտեզի շենքն ամբողջությամբ բարեկարգելու համար:
   Նախորդ տարի էլ՝ 2016 թվականի ավարտին, երկաթուղային ընկերությունը այլ բարերարների հետ վերանորոգել էր մանկապարտեզի՝ երկար տարիներ անբարեկարգ, կիսախարխուլ վիճակում գտնվող հիմնական մասնաշենքը՝ այն ապահովելով համարավետ ճաշասենյակներով եւ լոգարաններով, իսկ երկաթուղու նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզին սեփական արտադրության մանկական բարձրորակ կահույք էր նվիրել:
   ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն այդ տարի խոստացել էր, որ երկաթուղայինները շարունակելու են օգնություն ցուցաբերել մանկապարտեզին՝ շենքն ամբողջությամբ հիմնանորոգելով, եւ ընկերությունը կատարեց իր խոստումը՝ գործընկերների՝ «Գազպրոմ Արմենիայի», «Ապավեն» ՍՊԸ-ի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի եւ այլ հայ գործարարների հետ համագործակցության շնորհիվ:
   «Շնորհակալություն մեր գործընկերներին, որոնք եւս ֆինանսավորել են նախագիծը: Գովելի է, որ հայ գործարարները սիրով մասնակցում են բարեգործական ծրագրերին:
   Վստահ ենք, որ Ամանորից հետո ոչ թե 35, այլ գոնե 50 երեխա կհաճախի այս նախադպրոցական հաստատություն, Սանահինում մանկապարտեզահասակ այդքան երեխա կա: Դրա շնորհիվ ծնողները կկարողանան խնայել երեխաներին տրանսպորտի համար տրամադրվող գումարները, քանի որ մինչ օրս երեխաներից շատերը ավելի հեռավոր մանկապարտեզներ էին ստիպված հաճախել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Վալկոն, որը մանկապարտեզի ոչ բարվոք շենքային պայմանների մասին տեղեկացել էր Ալավերդու քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ, եւ անմիջապես որոշվել է, որ մանկապարտեզը ընդգրկվի ընկերության բարեգործական ծրագրերի մեջ:
   Սանահին թաղամասում բնակվողները մեծ մասամբ երկաթուղայինների ընտանիքներ են, եւ նրանց նախադպրոցական տարիքի երեխաներն են հիմնականում հաճախում մանկապարտեզ: Շենքը նախկինում եղել է պետական սեփականություն, այժմ հանձնվել է Ալավերդու համայնքապետարանին:
   1990-ականների սկզբից ի վեր մանկապարտեզում որեւէ վերանորոգման աշխատանք չէր իրականացվել, իսկ շինությունն էլ ժամանակի ընթացքում դարձել էր անբարեկարգ ու անհյուրընկալ, զգալիորեն պակասել էր սաների թիվը: Այդ պատճառով էլ հաստատությունն առժամանակ դադարել էր գործել:
   2002թ. վերսկսել է իր գործունեությունը երեխաների փոքր քանակով, մեկ խառը խմբով: Անցած 14 տարիներին հաստատության սաների թիվը չի գերազանցել 30-ը: Իսկ նախորդ տարվա նորոգումից հետո սաների թիվը հասել է 35-ի: Մանկապարտեզի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏՅԱՆԻ հավաստմամբ՝ ծնողները հիմնականում իրենց երեխաներին հրաժարվում էին մանկապարտեզ տանել շենքային վատ պայմանների պատճառով:
   Սակայն շենքի ամբողջական վերանորոգումից հետո ակնկալվում է, որ երեխաների թիվը զգալիորեն կավելանա։
   Ալավերդու նախկին քաղաքապետ, այժմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԸ դեռ քաղաքապետ էր, երբ սկսվեցին մանկապարտեզի նորոգման աշխատանքները, եւ մասամբ նրա շնորհիվ էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ներդրումներ իրականացրեց շենքի բարեկարգման համար. «Մինչեւ քաղաքապետ ընտրվելն աշխատել եմ ՀԿԵ-ում եւ տեղյակ էի ընկերության բարեգործական ծրագրերին, ինչպես նաեւ շատ լավ գիտեի, թե թաղամասում ինչ խնդիրներ կան:
   Ամենակարեւոր խնդիրներից մեկը վատ վիճակում գտնվող մանկապարտեզն էր: Քաղաքապետ ընտրվելուց հետո դիմեցի ընկերությանը, եւ շենքի վերանորոգման ծրագիրն անմիջապես ընդգրկվեց իրենց բարեգործական ծրագրերում: Սկզբնական փուլով նորոգվեց առաջին հարկը, եւ մանկապարտեզը սկսեց գործել առաջին հարկում, երկրորդ փուլով արդեն տանիքը նորոգվեց, հետո կատարվեցին ներքին հարդարման աշխատանքները: Այժմ շենքն ամբողջությամբ նոր է:
   Շնորհակալություն այն աջակիցներին, որոնք ներդրում են արել մանկապարտեզի նորոգման աշխատանքներում»:
   Շենքի բացման տոնական արարողությանը ներկա էր նաեւ Ռուսաստանի դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ, որը բարձր գնահատեց նման բարեգործական ծրագրերում ռուսական ընկերությունների ներդրումները՝ ասելով, որ դրանք ավելի են նպաստում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը. «Այն, ինչ արել է ՀԿԵ-ն հայ գործընկերների, տեղական ինքնակառավարման մարմինների, մանկապարտեզի ղեկավարության համագործակցությամբ, բարձր գնահատականի է արժանի:
   Այս եւ Հայաստանում գործող այլ ռուսաստանյան ընկերությունների նման գործունեությունը շարունակական կլինի, դա շատ կարեւոր, էական ներդրում է հայ-ռուսական բարեկամական, եղբայրական դարավոր հարաբերությունների հիմքն ամրապնդելու հարցում»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close