ՆՈՐ ԳՆԱՑՔԻՑ ԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ

  Armenian Russian English

   Մարտի սկզբին Երեւան-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ ճամփորդող քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց քաղաքակիրթ ու հարմարավետ տարբերակով երթեւեկելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ձեռք բերած նոր երկվագոն էլեկտրագնացքի միջոցով:
   «Հայոց Աշխարհ»-ը լուսաբանել է գնացքի մեկնարկային ուղերթը Երեւանի երկաթգծի կայարանից դեպի Գյումրի՝ ներկայացնելով գնացքի առավելությունները եւ պայմանները:
   Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՅԻ, նոր էլեկտրագնացքը դեռեւս միակ նմուշն է իր տեսակով եւ առաջին նախագիծը, որն իրականացվել է «Տրանսմաշհոլդինգ» ընկերության հետ համատեղ ջանքերով: Այն նախագծվել ու մշակվել է ՀԿԵ-ի նախաձեռնությամբ եւ պատվերով:
   Գնացքի շահագործման օրվանից գրեթե մեկ ամիս է անցել. հետաքրքիր է, գո՞հ են ուղեւորները: Անցած կիրակի մենք զրուցեցինք Գյումրիից Երեւան վերադարձող մի քանի ուղեւորների հետ, ովքեր հաճույքով ներկայացրին իրենց տպավորությունները: Նշենք, որ այդ օրն առավոտյան Երեւանից Գյումրի էր մեկնել 36 ուղեւոր, իսկ վերադարձողները 74-ն էին: Նրանց զգալի մասն ուսանողներն էին եւ Երեւանում աշխատողներ։
   ԱՆՈՒՇ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ նրանցից մեկն է, սովորում է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Ամեն ուրբաթ նա վերադառնում է Գյումրի, իսկ կիրակի նորից գալիս Երեւան: Այն օրվանից, երբ շահագործվեց նոր էլեկտրագնացքը, միայն դրանով է երթեւեկում: Ճիշտ է, այլ փոխադրամիջոցների համեմատ գնացքի ուղեվարձը թանկ է, սակայն շաբաթվա մեջ մեկ անգամ երթեւեկելու դեպքում նախապատվությունը տալիս է հարմարավետությանն ու ապահովությանը. «Առաջին օրերին գնացքն անվճար էր շահագործվում, եւ առաջին անգամ ես դրանից օգտվեցի առանց ուղեվարձի, հնարավորություն ունեցա անձամբ փորձարկելու այն եւ համոզվելու, որ լրացուցիչ հազար դրամն ամենեւին շռայլություն չի լինի, եթե հաշվի առնենք, որ այդ գնացքով ճանապարհ ընկնելը շատ ավելի հարմարավետ է, ավելի ապահով, իսկ նախկին գնացքների համեմատ նաեւ շատ արագ ես տեղ հասնում»:
   ԱՄԱԼՅԱՆ եւ ՎԼԱԴԻՄԻՐԸ հաճախ չեն օգտվում գնացքներից, քանի որ Գյումրի գնալու առիթը միայն զբոսնելն է, քաղաքի մշակութային վայրեր այցելելը: Այս անգամ էլ նրանք որոշել էին անպայման նոր գնացքով մեկնել Գյումրի՝ որպես զբոսաշրջիկ եւ երեկոյան նորից նույն գնացքով վերադառնալ: Ամուսինները տպավորված են, ասում են, որ գրեթե երկու ժամ ճանապարհ են կտրել-անցել հետդարձին, բայց ամենեւին չեն հոգնել. «Եթե երկու ժամ մեքենայով գնայինք, հաստատ կհոգնեինք, բայց գնացքով այդ գրեթե երկու ժամն աննկատ անցավ:
   Շատ հարմարավետ պայմաններում ենք գնացել եւ եկել, չնայած դրսում երեկոյան կողմ արդեն եղանակը ցրտել էր, բայց գնացքում տաք էր: Մենք մեկնել էինք մեր ութամյա տղայի հետ, նրա համար ճանապարհը հետաքրքիր էր, իսկ գնացքով առավել եւս, քանի որ կարողանում էր հանգիստ տեղաշարժվել, օգտվել մաքուր եւ հարմարավետ զուգարանից, շփվել սիրալիր ուղեկցորդուհիների հետ, ովքեր բարյացակամորեն փորձում էին օգնել մեզ ամեն հարցում:
   Թերեւս միակ թերությունը տոմսի թանկ գինն է, բայց, կարծում եմ, հավելյալ հարմարավետության համար կարելի է հավելյալ վճարել: Չեմ խոսում գնացքով երթեւեկելու ապահովության եւ անվտանգության մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիրը:
   Ամուսինների ութամյա տղան՝ Արմենը, գոհ էր թե՛ գնացքից, թե՛ Գյումրի ուղեւորությունից: Խոստովանեց, որ առաջին անգամ էր գնացք նստում՝ չհաշված մետրոյի էլեկտրագնացքները, որոնք, Արմենի հավաստմամբ, զգալիորեն զիջում են երկաթգծի գնացքին. «Այստեղ նստելու տեղեր կային, եւ մենք նստած ենք գնացել Գյումրի ու վերադարձել: Տարածքն ավելի մեծ է, ու ցանկության դեպքում կարող ես հանգիստ քայլել գնացքով: Իսկ եթե զուգարան գնալու ցանկություն ունես, պետք չէ գնացքը կանգնեցնել ու դրսում հարմար տեղ փնտրել, զուգարանը հենց գնացքի ներսում է»:
   ԷՎԵԼԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ զբոսավար է, իսկ Գյումրի էր մեկնել, որպեսզի համոզվի, որ նոր էլեկտրական գնացքով դեպի այդ քաղաք կկարողանա ուղեկցել տարբեր երկրներից ժամանող իր զբոսաշրջիկներին: Նա եւս տպավորված է, ասում է, որ շատ էր լսել նոր շարժակազմի մասին, հասցրել էր դրական պատկերացում կազմել եւ հուսախաբ չեղավ. «Ստացա նույն տպավորությունը, ինչը պատկերացնում էի, եւ վստահ եմ, որ այս գնացքը կարդարացնի իրեն հենց զբոսաշրջության նպատակով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Աշխատակազմը շատ սիրալիր էր, նրբանկատ, ուղեւորությունը, վստահ եմ, բոլորի համար հաճելի էր, քանի որ բոլորի դեմքին գոհունակության ժպիտ կար:
   Ես հաճախ եմ զբոսաշրջիկներին Գյումրի տանում, Գյումրին վերջերս ձգտում է մշակութային քաղաքի վերածվել: Նոր պատկերասրահներ են բացվում, պարբերաբար համերգներ ու մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: Այնպես որ Գյումրին գրավիչ քաղաք է դառնում օտարերկրացիների համար, եւ շատ լավ է, որ այնտեղ հասնելու քաղաքակիրթ տարբերակ է ստեղծվել: Զբոսաշրջիկները միշտ նախընտրում են գնացքով տեղաշարժվել, բայց մեր գնացքները նրանց համար այնքան էլ ներկայանալի չէին: Այժմ նման այլընտրանք կա»:
   Ըստ նրա՝ նախկինում սովորաբար զբոսաշրջիկներին մարդատար մեքենաներով էին Գյումրի տանում, սակայն այդպես շատ անհարմար է, ոչ այնքան անվտանգ: Հաշվի առնելով, որ Երեւանից Գյումրի մայրուղու մեծ մասը վերանորոգվում է՝ Հյուսիս-Հարավ նախագծով, ճանապարհներն այժմ ավելի անհարմար են եւ դանդաղընթաց:
   «Ի վերջո, մեքենայով չես կարող ազատ տեղաշարժվել, կարծում եմ, որ այդպես նաեւ հաշմանդամների համար է անհարմար: Իսկ այս գնացքը հարմարեցված է նաեւ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, եւ նրանք առանց խնդիրների ու խոչընդոտների, առանց լրացուցիչ օգնության կարող են հասնել Գյումրի կամ Գյումրիից մեկնել Երեւան, ինչպես նաեւ օգտվել իրենց կարիքների համար հարմարեցված սանհանգույցից»:
   Ի դեպ, Էվելինային ուրախացնում է, որ մինչեւ յոթ տարեկան երեխաների համար գնացքով երթեւեկելն անվճար է: Սակայն լավ կլիներ, եթե գնացքով հաճախ ճամփորդող քաղաքացիների համար որոշակի առավելություններ սահմանվեն, ինչպես օդանավի տոմսերի դեպքում է. «Եթե ուղեւորը երկու ուղղությամբ տոմս գնի, կարելի է որոշակի զեղչեր սահմանել: Դա կխթանի մարդկանց հոսքը դեպի երկաթգիծ: Ցանկալի կլիներ նաեւ ընդլայնել չվացուցակը այնպես, որ գնացքը նաեւ շաբաթվա մյուս օրերին աշխատի»:
   Նշենք, որ նոր շարժակազմն առայժմ աշխատում է ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացած չվերթերը դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close