ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՔՈՂԱՐԿՎԱԾ, ՆԵՆԳ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

  Armenian Russian English

   Հարցազրույց «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ
  
   -ՀԱՊԿ-ն անգործունյա մարմին է, Ռուսաստանը ոչ բարեկամ երկիր է, Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ է արձանագրվում, որովհետեւ Ռուսաստանից վտանգ կա: Ի՞նչ քարոզչություն է սա, ո՞րն է դրա նպատակը:
   -Արեւմուտքն ու Ռուսաստանը առճակատման մեջ են, որն արդեն մտել է քաղաքակրթական հակամարտության նոր փուլ՝ ուղեկցվելով տնտեսական պատերազմներով, քաղաքակրթական բախումներով: Այս առճակատման հետեւանքով Արեւմուտքի ու Ռուսաստանի շփման ամբողջ երկայնքով մեկ գտնվող երկրները, տարածաշրջանները հայտնվել են ապակայունացման վտանգի առաջ:
   Ինչո՞ւ, որովհետեւ Արեւմուտքն ունի իր զինանոցն ու մեթոդները, Ռուսաստանն էլ, որպես պաշտպանվող կողմ, ունի իրենը, եւ դրանք երկուստեք գործադրվում են:
   Այս երկու ուժերի բախման տիրույթում հայտնվել է նաեւ Հարավային Կովկասը, մասնավորաբար Հայաստանը, որովհետեւ մեր երկիրն այս տարածաշրջանում հայտնի է որպես Ռուսաստանի ամենասերտ բարեկամ: Հետեւաբար խնդիր է դրված Հայաստանն այնպես թուլացնել, ջլատել, որ չկարողանա երբեւէ Ռուսաստանի հետ նորից սերտ, ամուր, վստահության վրա հիմնված հարաբերություններ ստեղծել։ Էլ չեմ ասում՝ ձեւավորել դաշինքներ, որոնք կարող են աշխարհաքաղաքական համաշխարհային նշանակություն ունենալ:
   Անցած ամիսներին որքան էլ մենք կոչ արեցինք Հայաստանը զերծ պահել աշխարհաքաղաքական կողմնորոշումների հիման վրա տեղի ունեցող բախումներից, մեր երկիրը չվերածել առճակատման դաշտի, ցավոք, դրանց դրսեւորումները անընդհատ տեսնում ենք: Դա արտահայտվում է քողարկված, նենգ քարոզչությամբ, որով փորձում են Հայաստանի ժողովրդի մեջ սերմանել անվստահություն ու կասկած այն բոլոր իրողությունների հանդեպ, որոնք մինչ օրս եղել են մեր քաղաքականության բնութագրիչները:
   Կասկածի տակ են դրվում մեր ռազմաքաղաքական անվտանգության գլխավոր հենասյուները, աշխուժանում են այլընտրանքային այն քարոզները, թե Հայաստանը կարող է տեղ ունենալ նաեւ Արեւմուտքի արժեհամակարգում, որ Հայաստանին իրականում ոչ մի վտանգ չի սպառնում, եթե իրեն խելոք պահի ու հանգիստ տեղավորվի արեւմտյան արժեքների աշխարհում:
   Սրանով մեր ժողովրդին համոզում են, որ իրականում վտանգ չկա Թուրքիայից, Ադրբեջանից, համոզում են, որ իրականում Ռուսաստանը Հայաստանին չի պաշտպանում, ՀԱՊԿ-ն էլ անգործունյա մարմին է:
   Բայց ո՞վ չի հասկանում, որ սրանք մեծ կեղծիքներ են: Իմ խորին համոզմամբ, եթե Թուրքիան մեր դեմ ուժ չի գործադրում, պատճառն այն չէ, որ հայերին շնորհ է արել հանգիստ ապրել այս տարածքում, պատճառը վախն է Ռուսաստանից: 97 տարի Հայաստանի Հանրապետության տարածքում պատերազմ չի եղել, 97 տարի մենք թուրքի կրնկի տակ չենք ճռռացել ու մոռացել ենք այդ կողմից եկող վտանգի մասին:
   Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը այդ կողմից վտանգ չի տեսնում, դա շատ զարմանալի է: Իսկ վտանգ չտեսնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գիտակցում ես՝ Ռուսաստանը քո դաշնակիցն է, դու այդ երկրի միջուկային անձրեւանոցի տակ, քո փոքրիկ տեղում պատսպարված, հանգիստ ապրում ես, ինչն էլ քեզ հնարավորություն է տալիս հոխորտալու Թուրքիայի ու Ադրբեջանի նման ուժի դեմ:
   -Ի՞նչն է զսպում Թուրքիային:
   -Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը կնքվել է 1997-ին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ մենք մեծ պաշտպանական գոտու հարավային թեւն ենք։ Որպես անվտանգության մեծ գոտու մի մաս՝ պաշտպանված ենք Հյուսիսային Կովկասում տեղակայված հակաօդային պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների կողմից: Դրանք են, որ թույլ չեն տա Հայաստանի տարածքում գեթ մեկ ռումբ պայթի:
   -ՀԱՊԿ պայմանագրում կա՞ կետ, համաձայն որի՝ եթե Հայաստանի Հանրապետության վրա երրորդ երկրի կողմից ոտնձգության փորձ արվի, ապա նրա դեմ կարող է կիրառվել ատոմային ռումբ:
   -Իհարկե կա, եւ ոչ միայն ատոմային ռումբ, կօգտագործվի ամբողջ ռազմական հզորությունը. ատոմային ռումբից հզոր զենքեր էլ գոյություն ունեն ժամանակակից աշխարհում: Կասկած չունենաք, որ դրանք կկիրառի Ռուսաստանը:
   Բայց Հայաստանը, նրա հասարակությունը պետք է լինի հավատարիմ, ազնիվ դաշնակից, համախոհ երկիր, այդ դեպքում, համոզված եղեք, մենք ոչնչից վախենալու խնդիր չենք ունենա:
   -Օրերս ուսանողների հետ հանդիպած ԵՄ դեսպան Սվիտալսկուն հարց ուղղվեց՝ Հայաստանում կա՞ ԵՄ-Ռուսաստան մրցակցություն։ Պատասխանն այսպիսին էր. «Չեմ նախանձում, որ հայերը շատ ընկերներ, բարեկամներ ունենան: Մենք չենք մրցակցում եւ չենք պարտադրում մեր ներկայությունը»: Արդյոք անկե՞ղծ է եվրոպացի պաշտոնյան, եթե չկա մրցակցություն, Արեւմուտքից ֆինանասավորվող 60 կազմակերպություններն ինչո՞ւ են Հայաստանում զբաղված հակառուսական քարոզով:
   -Իրականում Արեւմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունների թիվը 60 չէ, այդքանը միավորված են Սորոսի հիմնադրամի շուրջ, իսկ նրանց իրական թիվն անցնում է 350-ը: Սրանք բոլորն աչքի են ընկնում հակառուսական ու հակաեվրասիական քարոզով:
   Դեսպան Սվիտալսկու խոսքի առնչությամբ կասեմ միայն հետեւյալը. Հայաստանում այս պահին ընթանում է աշխարհաքաղաքական պատերազմ՝ արեւմտամետների ու ավանդաբար Ռուսաստանի կողմնակիցների միջեւ: Ես դժվարանում եմ ասել, թե որ կողմն է հաղթանակում, բայց տեսնում եմ, որ Արեւմուտքի կողմնակիցներն անընդհատ կարողանում են իրենց շուրջը հավաքագրել նոր մարդկանց եւ նոր ուժեր:
   Սա նշանակում է, որ գումարներ են ծախսվում, ջանքեր են գործադրվում:
  
   Շարունակելի

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

close