ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

  Armenian Russian English

   Փետրվարին Հարավկովկասյան երկաթուղին հայտնել էր Հայաստան-Ռուսաստան-Հայաստան հաղորդակցությունում Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումների սակագներն իջեցնելու մասին: Առաջարկվող զեղչերը վերաբերում են Հայաստան եւ Հայաստանից ԱՊՀ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր արտահանող-ներմուծողներին: Թե որքան նպատակահարմար եւ արդիական է շուկայի համար այս առաջարկը՝ մեզ է ներկայացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ ԻԼՅԱ ԿԵԼՊԵՐԻՍԸ:
   -ՀԿԵ-ն հայտարարել է լաստանավային բեռնափոխադրումների սակագների նվազեցման մասին Հայաստանի կառավարության՝ Վերին Լարսին այլընտրանքային երթուղու գործարկման հայտարարությունների ֆոնին: Նման քայլը կառավարության հետ համատե՞ղ գործունեության արդյունք է:
   -ՀԿԵ-ն առաջին հերթին Հայաստանի տնտեսության խոշոր սուբյեկտներից է, եւ մենք դիտարկում ենք մեր գործունեությունը երկրի ղեկավարության նախանշած զարգացման ուղիների համատեքստում: Բացի դրանից, մենք Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունն ենք Հայաստանում, եւ հայ-ռուսական համագործակցության զարգացումը մեր գործունեության առանցքային ուղղություններից է:
   ՀԿԵ-ն Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչն է 2008 թվականից։ Այսօր մենք ենթակառուցվածքային ընկերություն ենք, որի հիմանական նպատակը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնափոխադրումների երթուղիների մշակումն է բիզնեսի համար:
   Այսօր խոսքը Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ լաստանավի միջոցով տրանսպորտային միջանցքի ձեւավորման եւ շահավետ պայմաններով բեռնափոխադրումների իրականացման մասին է: Այսպիսով մեր ներդրումը կունենանք երկրի տնտեսական զարգացման հարցում:
   Պարզաբանեմ նաեւ Կովկաս-Փոթի լաստանավի աշխատանքի մասին հարցը: Դա նոր երթուղի չէ, ինչպես ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ: Այն գործում է 2008 թվականից եւ գործարկվում էր որպես այլընտրանք Վերին Լարսին:
   Մինչեւ 2012 թվական լաստանավն աշխատում էր համեմատաբար կայուն, սակայն Հայաստանում ավտոպարկի աճին, տնտեսական ճգնաժամին եւ ավտոփոխադրողների կողմից դեմպինգին զուգահեռ, լաստանավը սկսեց կիրառվել այլ երթուղիներում: Դրա հետեւանքով» Ռուսական երկաթուղիները» ստիպված էր գնել լաստանավը. գործարքն ավարտվեց 2014 թվականին:
   -Դուք ասացիք, որ լաստանավն արդյունավետ աշխատում էր նաեւ նախկինում: Այս դեպքում ինչո՞ւ ՀԿԵ-ն նախաձեռնեց սակագների իջեցումը հենց հիմա:
   -Մեր կատարած մեծ նախապատրաստական աշխատանքի, վրացի եւ ռուս գործընկերների հետ տարվող բանակցությունների շնորհիվ մենք այժմ պատրաստ ենք շուկայում ներկայացնել շահավետ պայմաններով եւ սակագներով Հայաստան-Ռուսաստան-Հայաստան երթուղով բեռնափոխադրումների իրականացման համապարփակ մի ծառայություն: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, քանի որ մրցունակ առաջարկ ներկայացնելու հնարավորությունները ձեւավորվել են միայն այսօր:
   Առաջին հերթին դրանք տարածաշրջանում ստեղծված որոշ ճգնաժամային երեւույթներն են, բեռնափոխադրումների ծավալների կրճատումը, ինչը խթանում է մրցունակությունը եւ բերում է նոր առաջարկների ձեւավորման անհրաժեշտություն: Շուկայի բոլոր մասնակիցները դա քաջ գիտակցում են: Միայն համապարփակ որոշումը թույլ է տալիս երաշխավորել միցակցային պայմաններ:
   Եվ մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցության համար, մեր բաժնետեր ՌԵ ԲԲԸ-ին, որը ձեւավորել է հայկական ընկերությունների արտադրանքի մատակարարման աշխարհագրության ընդլայնման հնարավորություններ, մեր վրացի գործընկերներին, ովքեր զեղչեր տրամադրեցին լաստանավով եկող հայկական բեռների համար:
   Արդյունքում՝ գնելով լաստանավի սլոթ-չարթերը, Հարավկովկասյան երկաթուղին այժմ կարող է Հայաստան-Ռուսաստան-Հայաստան երթուղով փոխադրվող բեռների համար եզակի պայմաններ առաջարկել՝ կրկնակի իջեցնելով բեռնափոխադրումների սակագինը:
   Այսպես. Երեւանից Մոսկվա առաջին կարգի բեռների (քար, շինանյութ, հանքանյութ եւ այլն) փոխադրման սակագինն այժմ կազմում է 70 դոլար (1 տոննայի համար), Սանկտ Պետերբուրգ՝ 75 դոլար, Նովոսիբիրսկ՝ 85 դոլար, Կրասնոյարսկ՝ 90 դոլար, Խաբարովսկ՝ 110 դոլար: Ավտոտրանսպորտով 110 դոլարով բեռները փոխադրվում են լավագույն դեպքում մինչեւ Մոսկվա, իսկ Մոսկվայից մինչեւ Խաբարովսկ կա եւս գրեթե 9 հազար կիլոմետր:
   Ինչ վերաբերում է առաջարկի արդիականությանը, ապա կարծում ենք, որ այն կլինի բավականաչափ պահանջված՝ հաշվի առնելով բացվող լայն հնարավորությունները:
   -Եվ ի՞նչ հնարավորություններ են բացվում:
   -Առաջին հերթին դա հայկական ապրանքների մատակարարման աշխարհագրության ընդլայնումն է, Ուրալի, Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի շուկաներ դուրս գալու հնարավորություն: Կարծում եմ, որ հայկական տուֆից Ճապոնական ծովի ափին տուն կառուցելը նույնքան պատվաբեր է, ինչ Սեւանի ափին:
   Կարծում եմ, որ բազմաքանակ հայ համայնքը Ռուսաստանում անուշադրության չի մատնի ստեղծվող հեռանկարները:
   -Խոսվում է զեղչերի, սակագնի նվազեցման մասին: Այդ դեպքում ինչո՞ւ են հայ արտադրողները նախընտրում ավտոտրանսպորտը: Կարո՞ղ է ՀԿԵ-ի առաջարկած երկաթուղա-լաստանավային փոխադրումների իրականացման ծառայությունը դառնալ արժանի մրցակից եւ այլընտրանք ավտոտրանսպորտին:
   -Հիմնական պատճառը շուկայի պահպանողականությունն է, այն, որ բիզնեսը չի ցանկանում փոխել մատակարարումների արդեն գործող սխեմաները: Գոյություն ունի Վերին Լարսով եկող արդեն փորձված երթուղին, եւ այլընտրանքի մասին սկսում են մտածել միայն երբ Լարսը փակվում է ձյան, սողանքի, ջրհեղեղների կամ մեծ հերթերի պատճառով:
   Սակայն երբ Լարսն աշխատում է, այլընտրանքի անհրաժեշտության մասին մոռանում են՝ նախընտրելով փորձված տարբերակը:
   Կովկաս-Փոթի լաստանավով այլընտրանքային երթուղու գործարկումը Հայաստանին թույլ կտա ունենալ բեռնափոխադրումների միանգամից երկու տարբերակ՝ Վերին Լարսով եկող ցամաքային ավտոմոբիլային եւ երկաթուղա-լաստանավային:
   Այս երթուղիները իրար հետ չեն մրցակցի, քանի որ հայկական արտահանման աճը կապված է գյուղատնտեսական ապրանքների եւ արագ փչացող բեռների փոխադրումների հետ: Իսկ այս բեռների պարագայում երկաթուղին նպատակահարմար չի համարում մրցակցությունը ավտոտրանսպորտի հետ: Ներկայումս Հայաստանի շուկայում արդեն աշխատում են այս տարբեր տեսակի բեռների փոխադրումների մեջ մասնագիտացած ընկերություններ, որոնք մեծ ներդրումներ են իրականացրել հատուկ ավտոմեքենաների գնման համար եւ երկարատեւ պայմանագրեր ունեն Ռուսաստանում ցանցային ռիթեյլերների հետ:
   Իսկ մեր բեռը շինանյութն է, քարը, մետաղը, հանքանյութը եւ այլն:
   Բեռնափոխադրումների միանգամից երկու երթուղիների գոյությունը թույլ կտա դիվերսիֆիկացնել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնահոսքերը եւ ամենակարեւորը՝ երաշխավորել երկարատեւ պայմանագրերով բեռնափոխադրումների իրականացման կայունությունը: Իսկ սա իր հերթին մինիմումի կհասցնի հնարավոր ներդրողների ռիսկերը:
   Այսօր լաստանավը կարող է հաջող գործել նշված սակագներով, եթե այն բեռնված է 70%-ով Ռուսաստանից եւ 30%-ով Հայաստանից (լաստանավի տարողությունը 42 վագոն է): Եվ այդ նպատակային ցուցիչը մեր հիմնական ուղենիշն է: Ավելի կոնկրետ՝ դա հայ-ռուսական առեւտրաշրջանառության 12%-ն է:
   Հուսով ենք, որ հայկական բիզնեսը համամիտ կլինի առկա լոգիստիկ խնդիրների լուծման մեր տեսլականին: Իսկ այդ խնդիրների լուծումն անհրաժեշտ է երկրի տնտեսական զարգացման, հաջող ապագայի համար: Իհարկե, մենք ակնկալում ենք բիզնեսի օգնությունը, որ գործարարները կգնահատեն առաջարկվող երթուղու հեռանկարները եւ հնարավորությունները:
   Իսկ բիզնեսը անում են մարդիկ։ Ես գիտեմ, որ Հայաստանում ապրողները չեն կարող չմտածել ապագայի մասին: Իսկ ապագան կարող ենք կերտել միայն միավորելով ուժերը:

Ս.ՏՈՆՈՅԱՆ

close