«ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՏԸ»

  Armenian Russian English

   Գիրք օտարազգի մեր պաշտպանների մասին
  
   Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կենտրոնական ճեմուղու ձախ կողմում, մինչ հավերժության տաճար հասնելը, սրբատաշ ու անավարտ մի պատ է խոյանում, ձգվում շուրջ հարյուր մետր. Հուշապատն է։ Հիշատակի պատը. անուններ են փորագրված. Մուշ, Կարին, Մալաթիա... անուններն այն վայրերի, ուր կոտորած է եղել։
   Հուշապատի հակառակ երեսին, մարդահասակ բարձրության վրա, միմյանց անմիջական հարեւանությամբ աճյունաքարեր են, հուշաքարեր, որոնց վրա նույնպես անուններ են փորագրված՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս 15-րդ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Ջեյմս Բրայս, Հեդվիգ Բյուլ, Անատոլ Ֆրանս, Հենրի Մորգենթաու, Արմին Վեգներ, Ջակոմո Գոբրինի։ Անուններն են այն մարդասերների, ովքեր ձայն են բարձրացրել ի պաշտպանություն հայ ժողովրդի, եւ հետո տասնյակ տարիներ անց երախտապարտ հայությունը մի բուռ հող է բերել նրանց շիրիմներից ու ամփոփել Հիշատակի պատի պահոցներում՝ որպես երախտագիտության նշան։
   Ովքե՞ր են տասնմեկ օտարազգիները, որոնց երախտագիտությամբ է հիշում հայ ժողովուրդը։ ՀԱԿՈԲ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ «Հիշատակի պատը» գիրքը, որն օրերս է լույս տեսել, պատմում է հենց նրանց մասին։ Գրքում տեղ են գտել նույն խորագրով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հեղինակի տպագրած հոդվածները։ Փաստագրական հարուստ նյութի հիման վրա, սեղմ, բայց եւ ընդգրկուն պատկերված են այդ մարդկանց դիմանկարները, բերված են նրանց վկայությունները Ցեղասպանության մասին, ներկայացված են այն ծառայությունները, որ նրանք մատուցել են հայությանը։
   «Հիշատակի պատը» հարուստ է ուշագրավ մանրամասներով. հեղինակը ներկայացրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության ամենամեծ վկայի՝ Լեփսիուսի հայանպաստ գործունեության առանձին դրվագներ։ Ուշագրավ է հռչակավոր «Կապույտ գրքի» հեղինակի՝ շոտլանդական ծագումով անգլիացի Ջ.Բրայսի ծավալած գործունեությունը, որը անցած դարասկզբին ոչ միայն հետեւողականորեն զբաղվել է Հայկական հարցի լուսաբանմամբ, այլեւ այցելել Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, մտերիմ է եղել եւ նամակագրություն է ունեցել Խրիմյան Հայրիկի, Նուբար փաշայի, Արշակ Չոպանյանի հետ։
   «Հայը՝ ժողովուրդների Հոբ Երանելին»։ Այս բնորոշման հեղինակը Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդն է, որը Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու համար պակաս ջանքեր չի թափել, եւ անգամ 1915-ին նամակ է հղել թուրք սուլթանին՝ նրան հորդորելով միջամտել եւ վերջ տալ հայերի նկատմամբ շարունակվող բռնություններին։
   «Ամաչեցեք եւ երկնչեցեք Ալլահից»,- Եղեռնի օրերին բացականչել է մահմեդական արաբը՝ Ալ Ղուսեյնը, որը նաեւ գրի է առել իր տեսածն ու լսածը Դամասկոս-Դիարբեքիր ճանապարհին` «Ջարդերը Հայաստանի մեջ» գրքում նկարագրելով Թուրքիայի վայրագ գործողությունները։ Իսկ որբախնամ գործունեությամբ հայտնի էստոնուհի, օրիորդ Աննա Հեդվիգ Բյուլը, որին հայերը կոչում էին «Բյուլ մայրիկ», կյանքի մայրամուտին ծերանոցից իր հայ սաներից մեկին հղած նամակում գրել է. «Իմ սիրտը հայ է»։
   Գիրքը օգնում է ի մոտո ճանաչել ու գնահատել այն 11 մարդասերներին, որոնք 1915թ. սեւ օրերից առաջ եւ հետո մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին են եղել։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close