ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ԵՐԿՈՒ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒՆԻ

  Armenian Russian English

   Դեկտեմբերի 28-ին Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում գտնվող թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունն արդեն հիմնանորոգված ու բարեկարգված վիճակում դռները վերաբացեց սաների առաջ:
   Թաղամասում բնակվողները հիմնականում երկաթուղայինների ընտանիքներն են, եւ նրանց նախադպրոցական տարիքի երեխաներն են հաճախում այդ մանկապարտեզ: Շենքը նախկինում եղել է պետական սեփականություն, այժմ հանձնվել է Ալավերդու համայնքապետարանին: Առայժմ վերանորոգվել է շենքի միայն առաջին հարկը, որտեղ էլ երեխաները կանցկացնեն իրենց հանգիստն ու ուսումը:
   Այդ օրը տոն էր մանկապարտեզի աշխատակիցների, 30 սաների եւ նրանց ծնողների համար, քանի որ 1990-ականների սկզբից ի վեր մանկապարտեզում որեւէ վերանորոգման աշխատանք չէր իրականացվել, իսկ շինությունն էլ ժամանակի ընթացքում դարձել էր անբարեկարգ ու անհյուրընկալ, զգալիորեն պակասել էր սաների թիվը:
   Միայն 2002թ. մանկապարտեզը վերսկսել է իր գործունեությունը երեխաների փոքր քանակով, մեկ խառը խմբով: Անցած 14 տարիներին հաստատության սաների թիվը չի գերազանցել 30-ը: Մանկապարտեզի տնօրեն Ռ.ԱՎԵՏՅԱՆԻ հավաստմամբ՝ ծնողները հիմնականում իրենց երեխաներին հրաժարվում էին մանկապարտեզ տանել շենքային վատ պայմանների պատճառով:
   Սակայն շենքի վերանորոգումից հետո երեխաների թիվը կավելանա: Թաղամասի ծնողներից արդեն 6 դիմում կա իրենց երեխաներին հաստատություն ընդունելու համար: Իսկ սեպտեմբերից մանկապարտեզը կհամալրվի եւս 15 երեխայով:
   Ալավերդու քաղաքապետ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԻ տեղեկացմամբ՝ 15 մլն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2016թ. սեպտեմբերին: Վերանորոգման համար ներդրումներ են կատարել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, ինչպես նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը, Ալավերդու համայնքապետարանը: Նորոգմանն աջակցել են նաեւ անհատ գործարարներ:
   Մասնավորապես «Հարավկովկասյան երկաթուղին» շենքի վերանորոգման համար 5,3 մլն դրամ է ներդրել: Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, մանկապարտեզի ոչ բարվոք շենքային պայմանների մասին ինքը տեղեկացել է Ալավերդու քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ, եւ անմիջապես որոշվել է, որ մանկապարտեզը ընդգրկվի ընկերության բարեգործական ծրագրերի մեջ, ու առաջիկայում այն նորոգելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ արվեն։
   «Բարեգործություն» բառը երկու բաղադրիչ ունի, նշանակում է բարին անել: Մենք ՀԿԵ-ում բարեգործական մշտական ծրագիր ունենք, որով աջակցում ենք տարբեր հաստատություններին ու մարդկանց: Ծրագրում ներառված են նաեւ ուսումնական հաստատություններ: Այդպես մշտապես աջակցում ենք Ֆիոլետովոյի դպրոցին: Այսուհետ ծրագրում կընդգրկվի նաեւ այս նախադպրոցական ուսումնական հաստատությունը:
   Մենք Ալավերդու քաղաքապետի հետ քննարկել ենք մանկապարտեզի վերականգնման հնարավորությունները: Շենքի վերանորոգմանն աջակցելու առաջարկությունը եղել է մերը, որն արժանացել է մարզպետի հավանությանը:
   Շնորհակալ եմ նաեւ նորոգմանն աջակցած մասնավոր ընկերություններին, ովքեր մշտապես համագործակցում են ՀԿԵ-ի հետ: Երբ նրանք տեղեկացան մանկապարտեզի պայմանները բարելավելու նախագծի մասին, իրենց հոգու կանչով նույնպես մասնակցեցին: Կարծում եմ՝ հետագայում համագործակցությունը կշարունակվի թե՛ նրանց, թե՛ Լոռու մարզպետի հետ, եւ 2017թ. հնարավոր կլինի բարելավել մանկապարտեզի պայմանները՝ գուցե արդեն շենքի երկրորդ հարկը նորոգելով»,- ասում է Սերգեյ Վալկոն։
   Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ խոսքով՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաները իրենց գիտելիքներով տարբերվում են չհաճախողներից, ուստի մանկապարտեզների գոյությունը շատ կարեւոր է սաների հետագա կրթության ու զարգացման համար. «Մենք ամեն ինչ անելու ենք մարզի բոլոր համայնքներում նախադպրոցական ուսումնական հաստատությունները վերաբացելու համար՝ կարեւորելով դրանց նշանակությունը երեխաների կրթության հարցում»:
   Մանկապարտեզի վերաբացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան 2-րդ քարտուղար ՍԵՐԳԵՅ ԱՆԻՇԵՆԿՈՆ, որը ներկայացրեց դեսպանի շնորհավորական ուղերձը: Ըստ նրա՝ իրադարձությունն առաջին հերթին ուրախալի է երեխաների եւ նրանց ծնողների համար, քանի որ մանկապարտեզի սաներն այսուհետ հնարավորություն կունենան սովորել ու դաստիարակվել քաղաքակիրթ պայմաններում:
   Նկատի ունենալով, որ Ալավերդու մանկապարտեզի շենքի վերանորոգման համար մեծ ներդրումներ է իրականացրել ռուսական ընկերությունը՝ Անիշենկոն նաեւ ասաց, որ այս նախաձեռնությունը հերթական անգամ նպաստում է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. «Այսօր ռուսական ընկերությունն աջակցում է հայ երեխաներին, իսկ վաղը հայկական ընկերությունները կարող են աջակցել ռուս երեխաներին: Սա հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների մասին վկայող այն քայլն է, որով մենք ի ցույց ենք դնում մեկս մյուսի հանդեպ մեր անշահախնդիր վերաբերմունքը:
   Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որը հանձին Ռուսաստանի՝ իրականացնում է այդ առաքելությունը»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close