«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ

  Armenian Russian English

   Գյումրիի տնակներից մեկը վերջերս «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարության շնորհիվ կոկիկ, քարաշար, ջրի, կոյուղու եւ ջեռուցման համակարգով սարքավորված առանձնատան է վերածվել, որտեղ այժմ 92-ամյա Մարուսյա Ղազարյանն ու նրա ամուսինը` 93-ամյա Անդրեյան Անդրեյը վերջապես կարող են ապրել առանց սառնաշունչ ցրտի մասին մտահոգվելու` ապահով եւ գնահատված լինելու զգացումով:
   Երեկ ՀԿԵ-ի ղեկավար կազմի մի քանի աշխատակիցներ` ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ, հյուրընկալվել էին ծերունիներին` բնակարանամուտի կապակցութամբ նրանց նաեւ սառնարան եւ հեռուստացույց նվիրելով: Արդեն վեց տարի շարունակ «Հարավկովկասյան երկաթուղիները» նման ձեւով աջակցում է ժամանակին ընկերությունում աշխատած եւ դրա զարգացման գործում վաստակ ունեցող այն աշխատակիցներին, ովքեր նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են:
   Ընկերության վեց տարվա գործունեության ընթացքում արդեն վեց վետերան նման աջակցության է արժանացել` իրենց ծերությունը շարունակելով վայելել բարեկարգ, նորոգ տներում եւ բնակարաններում:
   Ինչպես ներկայացրեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ` իրենք Գյումրիում արդեն վետերանների երկրորդ ընտանիքին են օգնում, մինչդեռ վետերանների միությունում դեռեւս երկաթգծի 40 երբեմնի աշխատակից է գրանցված, ովքեր սպասում են ընկերության կողմից օգնություն ստանալու իրենց հերթին: Սերգեյ Վալկոն նշեց, որ ընկերության համար այդ մարդկանց օգնելը բարի ավանդույթ է դարձել, եւ քանի դեռ երկաթգիծը ղեկավարում է «Հարավկովկասյան երկաթուղիները», օգնությունը շարունակական է լինելու։
   «Այն, որ մենք ապրում ենք խաղաղ, ապահով երկրում, նաեւ այդ մարդկանց շնորհիվ է, ովքեր չընկրկեցին պատերազմ մեկնելու եւ հերոսաբար մարտնչելու հարցում: Ուստի մեր պարտքն է հոգատարություն ցուցաբերել այս մարդկանց նկատմամբ եւ օգնել գոնե բնակարանները բարեկարգելու հարցում: Իսկ նրանց թիվն օրեցօր կրճատվում է, մինչդեռ մենք պետք է հասցնենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց:
   Այնպես ստացվեց, որ Գյումրիում այս անգամ միանգամից երկու վետերանի կարողացանք օգնել, քանի որ ամուսինները երկուսն էլ ե՛ւ պատերազմի դաշտում են եղել, ե՛ւ միասին աշխատել են երկաթգծում։
   Հրաշալի մարդիկ են: Տեւական փորձությունների միջով անցնելով` նրանք կարողացել են ամուր ընտանիք, ավելի ճիշտ` գերդաստան ստեղծել, եղել են պատերազմում, նաեւ աշխատանքի վետերաններ են: Այսօր էլ չեն ընկրկում եւ իրենց ընտանիքով, իրենց պատմությամբ լավ օրինակ են ծառայում եկող սերունդներին: Ես նրանց կենդանի լեգենդ եմ համարում»:
   Այդ տան կարիքը տարեց ամուսինները վաղուց ունեին: Երկրաշարժը նրանց տնանկ դարձրեց, քանի որ երկաթգծի տնօրինության կողմից իրենց համար կառուցվող շենքը փլվեց, եւ շինարարական աշխատանքերն այլեւս չմեկնարկեցին: Նրանց տնակ հատկացրին, բայց հրաժարվեցին երկրաշարժից տուժածների ցուցակում ներառել, որտեղ գրանցվածներին բնակարան էին հատկացնում:
   «Մեզ ասացին, որ մինչեւ երկրաշարժը մենք տուն չենք ունեցել, հետեւաբար չեն կարող համարել, որ տունը քանդվել է եւ նոր տուն տրամադրեն: Բայց մինչեւ երկրաշարժը երկաթգծի ղեկավարությունը քանդեց մեր տները` փոխարենը խոստանալով բնակարան հատկացնել երկաթուղայինների համար կառուցող շենքում: Շենքի միայն երեք հարկն էին հասցրել կառուցել, երբ երկրաշարժն այն գետնատակ արեց: Ու այդպես մենք մնացինք առանց տուն:
   Ում ասես չենք դիմել` իրավասու բոլոր գերատեսչություններին` մեզ տուն հատկացնելու խնդրանքով, սակայն օգնություն այդպես էլ չտրամադրվեց: 25 տարի շարունակ ստիպված եղանք դոմիկում ապրել, որտեղ շատ ցուրտ էր, ջուր էինք տաքացնում եւ ոտքներս դնում մեջը, որ տաքանանք: Փառք Աստծո, «Հարավկովկասյան երկաթուղիները» սեփական նախաձեռնությամբ մեզ օգնության ձեռք մեկնեց, ինչի համար անչափ շնորհակալ ենք»,- ասում է ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵՅԱՆԸ:
   Ի դեպ, Մարուսյա Ղազարյանը նաեւ հերոս մայրիկ է. հինգ զավակ է լույս աշխարհ բերել` երկու տղա, երեք աղջիկ: Երեխաներն էլ հասցրել են ընտանիք կազմել եւ զավակներ ունենալ։ Այսօր վետերան ամուսինները 15 թոռ ունեն, 42 ծոռ եւ 4 կոռ: Բոլորին անուն առ անուն գիտեն:
   Թեեւ զավակները, թոռներն ու ծոռներն առանձին են ապրում, սակայն հաճախ այցելում են մեծ տատին ու պապին: Իսկ նրանց բացակայության ժամանակ ծերունիներն իրենց կարոտն առնում են լուսանկարներից, որոնք խնամքով դրել են շրջանակների մեջ եւ պահարանի գլխին շարել` ամենաերեւացող տեղում:
   Ամուսիններն արդեն 75 տարի է, ինչ միասին են: Իրար հետ շատ փորձությունների միջով են անցել, կարողացել են հաղթահարել դրանք ու լավատես մնալ: Հիմա էլ այդ օրերի մասին իրենց հուշերն են նաեւ ջերմացնում ծերունիներին։
   Մարուսյա մայրիկը մեզ պատմեց, թե ինչպես է հանդիպել ամուսնուն, ինչպես են պատերազմի տարիներին իրեն տարել ռազմաճակատ, իսկ ամուսինը մնացել է թիկունքում: Պատճառն այն չէ, որ ընտանիքից մեկ հոգի պետք է կռվի, պարզապես այդ ժամանակ Անդրեյն արդեն երկաթգծում էր աշխատում, որը յուրօրինակ ծառայություն էր համարվում, եւ նրանց թույլ չէին տալիս ռազմաճակատ մեկնել:
   «Երբ իմ նախկին բնակավայրից Գյումրի տեղափոխվեցի, շատ երիտասարդ էի` հագած-կապած: Ծնունդով Թբիլիսիից եմ: Վաղ եմ որբացել եւ Գյումրիում մեն մենակ էի: Աշխատանքի էի ընդունվել երկաթգծում, որտեղ աշխատում էր նաեւ Անդրեյը: Այնտեղ էլ հանդիպեցինք իրար` գնացքի մեջ: Որոշ ժամանակ հետո ամուսնացանք:
   Երկու ամսվա ամուսիններ էինք, երբ ինձ զինվորագրեցին,- հպարտությամբ շարունակում է Մարուսյա Ղազարյանը:- Ես 17 տարեկան էի: Ամուսինս ինձ ճանապարհեց մինչեւ Բաթում, որտեղից նրան հետ ուղարկեցին, թույլ չտվեցին ճակատ մեկնի: Ես դարձա հրետանավոր եւ կռվեցի մինչեւ պատերազմի ավարտը: Հետո միայն, երբ վերադարձա, սկսեցինք մտածել զավակներ ունենալու, աշխատելու, ապրելու մասին»:
   Ամուսինը` Անդրեյը, ընդհատում է կնոջը եւ նրա պատմությունը շարունակելով` ներկայացնում, թե ինչպես այնուամենայնիվ իրեն հաջողվեց ռազմաճակատ մեկնել, առաջին անգամ զենքը ձեռքն առնել եւ մարտնչել թշնամու դեմ. «Երբ կինս մեկնեց, իմ տղամարդկային արժանապատվությունը վիրավորվեց: Բա կնիկս չէ՞ր ասի` դու ի՞նչ տղամարդ ես, ես ֆրոնտում կռվել եմ, դու չես կռվել: Շատ համառելուց հետո վերջապես ինձ էլ տարան բանակ:
   Ես անգամ զենք բռնել չգիտեի, բայց կարճ ժամանակ սովորելուց հետո ինձ տարան Կերչ, որտեղ էլ մարտի ժամանակ վիրավորվեցի ձեռքից: Այդպես էլ ավարտվեց իմ կռիվը, քանի որ դրանից հետո ինձ պատերազմելու համար անպիտան ճանաչեցին եւ ուղարկեցին տուն»:
   Պատերազմից մնացին իրենց հուշերը, որոնք այսօր ծիծաղելով են պատմում եւ բազմաթիվ մեդալները` հերոսության, քաջության համար: Մարուսյա մայրիկի մեդալներն ավելի շատ են, քանի որ նա ավելի երկար է մարտերի մասնակցել: Նա դրանց հաշիվն էլ այլեւս չի հիշում, բայց ամեն մայիսի 9-ին դրանք պարծանքով է կրում: Ասում է` ճիշտ է, դրանք այլեւս այն արժեքը չունեն մեր երկրում, սակայն իրենց համար այդ մեդալները կենսագրության մի մասն են, ձեռքբերումը, որը չեն կարող անտեսել, որով չեն կարող չհպարտանալ:
   Այդ մեդալներից բացի նաեւ աշխատանքի շքանշաններ են ստացել, քանի որ երկար տարիներ կողք կողքի աշխատել են երկաթուղում, Մարուսյան՝ խանութում, իսկ Անդրեյը նախ որպես մեքենավար է աշխատել, հետո էլ ռազմի դաշտում ստացած վերքերի պատճառով նրան նույնպես տեղափոխել են երկաթգծի խանութ, այնուհետեւ նշանակել ճաշարանների վարիչի պաշտոնում` մինչեւ թոշակի անցնելը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close