ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

  Armenian Russian English

   Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ուղեկցությամբ լրագրողները հնարավորություն ստացան անցնել Երեւան-Երասխ ճանապարհով եւ սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են կարգավորվում անվտանգության կանոնների հետ կապված խնդիրները։
   Եթե նախկինում գուցե կարելի կլիներ կանխել գնացքի հետ մարդու կամ անասունի բախման որոշ դեպքեր, ապա այսօր դրա հավանականությունը նվազագույնի է հասել։ «Եթե գնացքի քաշը 3000 տոննա է, այն ընթանում է սահմանված արագությամբ, ու մեքենավարը վտանգ է զգում եւ արգելակում, դրանից հետո էլ գնացքը նվազագույնը 800 մետր կշարունակի առաջ սլանալ: Իսկ եթե վայրէջք լինի կամ, ասենք, գնացքի քաշը լինի 5000 տոննա, այդ տարածությունը կարող է հասնել 1000-1500 մետրի»,- ասաց Լ.Հակոբյանը։
   Եվ փաստորեն արգելակները միացնելուց հետո մեքենավարը այլեւս ոչինչ չի կարող անել ու պարզապես հետեւում է դեպքերի հետագա ընթացքին: Եվ լինում են դժբախտ պատահարներ, որի հետեւանքով մահանում են ոչ միայն մեծահասակներ, այլեւ երեխաներ, ինչպես, օրինակ, վերջերս եղել է Գյումրիի տարածքում:
   «Հարավկովկասյան երկաթուղին» ամեն տարի կազմակերպում է հանդիպումներ լրագրողների, համայնքապետերի հետ, բացատրական աշխատանք տանում, երկաթուղու տարբեր հատվածներում, հատկապես գծանցումների մոտ զգուշացնող նշաններ են դրվում, մեքենավարները ամենափոքր վտանգի դեպքում անգամ ազդանշան են հնչեցնում:
   Սակայն առայժմ դժվար է խոսել դրա արդյունավետության մասին, որովհետեւ, ցավոք, գնալով դեպքերի քանակն ավելանում է. «Անցյալ տարի ընդհանուր առմամբ գրանցվել է 44, իսկ այս տարի՝ արդեն 10 դեպք, որոնցից մեկը՝ մահացու, երկուսը՝ ծանր վիրավորված, մնացած դեպքերը հիմնականում անասունների հետ են եղել»:
   Եվ ստացվում է այնպես, որ մեկի անփութության պատճառով վտանգվում է ոչ միայն մարդկանց կյանքը, այլեւ երկաթուղու անվտանգ երթեւեկությունը, առաջանում են ավելի մեծ խնդիրներ:
   «1-2 տարի առաջ 30 վագոն անկում ապրեց բեռի հետ միասին, եւ մենք ստիպված փոխհատուցեցինք տնտեսավարողին: Իհարկե, դա պետք է անի կարգազանցը, որին, ասենք, դատի ենք տալիս: Սակայն եթե այդ մարդն ընդամենը մի տուն ունի, որի արժեքը 2000 դոլար է, ստիպված մենք ենք վճարում 200-300 հազար դոլար գումարը: Բացի դրանից, շարքից դուրս են գալիս նաեւ այդ վագոնները, ինչը նույնպես մեծ վնաս է հասցնում մեզ:
   Ի դեպ, խորհրդային տարիներին երկաթուղու, գնացքի հետ կապված խախտումների համար մարդկանց պատժում էին, մեկուսացնում: Եվ մենք էլ կդիմենք կառավարությանը, որպեսզի որոշակի տույժեր կիրառի երկաթուղային կանոնները խախտելու, ապօրինի գծանցումներ կառուցելու, անասուններին ռելսերից հեռու չպահելու համար:
   Ընդհանրապես արդեն վաղուց ժամանակն է, որ օրենք լինի երկաթուղու մասին, որով կկարգավորվեն շատ այլ հարցեր նույնպես»:
   Ամբողջ Հայաստանի տարածքում 101 օրինական գծանցում կա, որից 27-ը պահպանողական է: Բայց շատերը չեն ցանկանում, պարզապես ալարում են մի քիչ հեռու գնալ եւ ապօրինի գծանցումներ են պատրաստում իրենց համայնքին, գուցե տանը, այգուն մոտ: Ընդ որում՝ դա անում են՝ խախտելով համապատասխան նորմերը, տեխնոլոգիան:
   Տարիներ առաջ, երբ ջերմաքարշեր էին աշխատում, դրանց ածուխը դուրս էին շպրտում, ինչը երբեմն հրդեհի պատճառ էր դառնում: Եվ դա հաշվի առնելով՝ 25 մետր գծի կենտրոնից աջ եւ ձախ չէր թույլատրվում որեւէ կառույց պատրաստել, ծառ ու այգի ունենալ: Սակայն հիմա, երբ արդեն երկաթուղին էլեկտրիֆիկացված է, շատերն այդ տարածքներն օգտագործում են: «Ոչինչ, սակավահող Հայաստանում դա կարելի է անել, սակայն նրանք պետք է նաեւ տեր կանգնեն երկաթուղուն, իրենց երեխաներին, անասուններին հեռու պահեն վտանգավոր գոտիներից»,- նշեց Լ. Հակոբյանը:
   Իսկ «Երեւան» գծային կայարանային միավորման պետ էՄԻՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ խիստ մտահոգում է երկաթուղու որոշ հատվածներում տիրող սանիտարական, մեղմ ասած, անմխիթար վիճակը. «Զբոսաշրջիկներ, օտարերկրացիներ են նստում գնացք ու տեսնում աջուձախ թափված աղբը (ի դեպ, շինարարական աղբը նաեւ վտանգ է պարունակում): Իմ ասածների մեջ համոզվելու համար բավական է նստել գնացք եւ շարժվել Երեւանից Սեւան ուղղությամբ: Ի դեպ, մայիսի 24-ից այդ երթուղին գործելու է, եւ բոլորին կոչ եմ անում վերջ տալ այդ տհաճ երեւույթին»:
   Իսկ ընդհանրապես ՀԿԵ-ի համար ամենակարեւորը երկաթուղու եւ, իհարկե, ուղեւորի անվտանգությունն է, ու այս առումով փորձ է արվում անել առավելագույնը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

close