ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

  Armenian Russian English

   Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալը եւ ծանոթացան օբյեկտի տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորություններին: Հյուրերին ուղեկցում էր «Մանանա գրեյն» եւ «Մանանա Սթոուն» ընկերությունների («Արմաշ» տերմինալի սեփականատերեր) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
   Հյուրերին ներկայացվեցին բեռնաթափման, բեռների պահեստավորման եւ մշակման տեխնոլոգիական ողջ գործընթացը, պահեստների հնարավորություններն ու պահպանման պայմանները:
   Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա գտնվող եւ մինչեւ 15 հազար տոննա հացահատիկային բեռներ ու 500 կոնտեյներ պահպանման հնարավորություններ ունեցող այս տերմինալը մեծ ծավալի բեռների սպասարկման էական ներուժ ունի:
   «Արմաշի» մասնագետների կողմից մշակված բեռների տարբեր տեսակների սպասարկման նախագիծն ուղղված է ՀԿԵ-ի երկաթուղային ենթակառուցվածքն օգտագործելով Հայաստանի Հանրապերության՝ որպես տարանցիկ երկրի ներուժի զարգացմանը:
   Անհրաժեշտ է նշել, որ տերմինալը կարող է աշխատել ինչպես բեռնափոխադրումների ուղիղ տարբերակով (բեռնաթափումը վագոններից ավտոտրանսպորտ), այնպես էլ օգտագործելով պահեստները: «Արմաշը» կարող է սպասարկել տարբեր տեսակի բեռներ՝ հացահատիկեղեն, շինանյութ, քիմիական եւ վերամշակող արդյունաբերության արտադրանք եւ այլն:
   Տերմինալի օգտագործումը բեռնափոխադրումների գործընթացում թույլ կտա էապես կրճատել մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ ժամանակը:
   Ի դեպ, ընկերությունը արդյունավետ համագործակցում է նաեւ Վրաստանի երկաթուղայինների հետ: 2009 թվականից շաբաթական 2 անգամ աշխատում է Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքը: 2008 թվականի համեմատ՝ ՀԿԵ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճել է 80%-ով:
   Ընկերությունում համոզված են, որ «Արմաշ» տերմինալի հնարավորությունների օգտագործմամբ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների իրականացմանն ուղղված ներկայացվող նախագիծը կլինի արդյունավետ եւ թույլ կտա ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճն ու Հայաստանի տարանցիկ ներուժի զարգացումը:


close