ՀԿԵ-Ի ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

  Armenian Russian English

   Ընկերությունը գտնվում է ճիշտ ճանապարհին
  
   Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ի շարս բազմաթիվ այլ հարցերի, մշտապես գտնվում է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությունը:
   Եվ այս անգամ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը ՀԿԵ-ի կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում այցելել էր Գյումրի՝ տեղում ծանոթանալու վերանորոգման դեպոյում իրականացվող աշխատանքներին:
   Ինչպես այցի ավարտից հետո նշեց հայ-ռուսական հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են կոնցեսիոն պայմանագրով իրականացվող ներդրումային աշխատանքները, մի քանի անգամ համապատասխան զեկույցներով անդրադարձել են ՀԿԵ-ի գործունեությանը, հիմնախնդիրներին.
   «Մենք ձգտում ենք հաճախակի հանդիպել, շփվել, լսել իրենց ու նաեւ հայտնել մեր կարծիքը: Ընդհանրապես դժվար է թերագնահատել երկաթուղային կառուցվածքի դերն ու գործունեությունը տնտեսության մեջ: Այն ոչ միայն բեռներ է փոխադրում, բավական շատ աշխատատեղ ապահովում, այլեւ յուրահատուկ լոկոմոտիվ է հարակից բնագավառների համար, որտեղ նույնպես աշխատատեղեր են բացվում»:
   Ըստ Հ.Նաղդալյանի. «Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ այսօր ՀԿԵ-ում իրականացվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Դրանով իսկ խնայվում են զգալի գումարներ, որոնք ծախսվում էին այլ երկրներում նման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Դրանք նաեւ արդեն մշտապես գործող, բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր են:
   Եվ տեխնիկապես գրագետ այն մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են, հետո անգործ մնացել, ստիպված փոխել մասնագիտությունը, որակավորումը կամ հեռացել են երկրից, այսօր, ինչպես նշեց ՀԿԵ-ի տնօրեն պարոն Վալկոն, այստեղ պահանջարկ ունեն: Եվ իրենք պատրաստ են ոչ միայն աջակցել նրանց, ապահովել աշխատանքով, այլեւ գումար ծախսել, որպեսզի կատարելագործվի նրանց տեխնիկական, մասնագիտական որակավորումը»:
   Հայկական պատվիրակության ներկայացուցիչները տեսել են նաեւ ներդրումային ծրագրի շնորհիվ ձեռք բերված նոր սարքավորումներ, հաստոցներ, որոնց մի մասը տեխնիկայի վերջին խոսքն է. «Մենք տեղեկացանք, որ կան իրական հնարավորություններ, որպեսզի մեր երկաթուղին արդեն դառնա ծառայություններ մատուցող հարեւան երկրների, տարածաշրջանի համար ընդհանրապես: Մասնավորապես վերջերս Հայաստանում են եղել վրացական երկաթուղու ներկայացուցիչներ, որոնք լրջորեն քննարկել են նման համագործակցության հավանականությունը»:
   Կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են ե՛ւ լավ տնտեսական վերլուծություն, ե՛ւ լայն աշխարհայացք, ե՛ւ ահռելի կազմակերպչական աշխատանքներ, այսինքն՝ համալիր լուծումներ: Ու գլխավորն այն է, որ իրենք այդ ամենը զգացել են այցի ընթացքում. «Ամենաշատը մեզ ոգեւորեց փաստը, որ կառույցները, որոնք ժամանակին Գյումրիի հպարտությունն էին, վերականգնվում են: Իսկ արտադրամասերն էլ սքանչելի արտադրական տեսք ունեին, մաքուր էին, կոկիկ: Կարծում եմ՝ ՀԿԵ-ն շատ-շատ կարեւոր աշխատանք է անում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել երկաթուղու ամբողջ անձնակազմին»:
   Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման միջոցառումների, բայց ամեն դեպքում տպավորված է կատարված աշխատանքներով. «Այստեղ վերջին անգամ լինելուց հետո շատ բան է արվել: Կարեւորն այն է, որ ձեռնարկությունը ձգտում է նրան, որ ամբողջ վերանորոգման աշխատանքներն անցկացվեն տեղում, այլ ոչ թե ուրիշ երկրներում:
   Իսկ դա իր հերթին ոչ միայն զգալիորեն իջեցնում է աշխատանքների ինքնարժեքը, այլեւ, իհարկե, բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը: Բացի դրանից, այդ ամենը նաեւ զբաղվածության անչափ կարեւոր խնդիր է լուծում:
   Մի խոսքով, կարծում եմ, որ ՀԿԵ-ի նման ռազմավարությունը արդարացված է, եւ ընկերությունը գտնվում է ճիշտ ճանապարհին: Իհարկե, հիմա ամբողջ աշխարհում կան որոշակի դժվարություններ, որոնց բախվում են շատ ձեռնարկություններ: Սակայն, այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ՀԿԵ-ն կհաղթահարի այդ դժվարությունները եւ կզարգացնի իր հնարավորությունները»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

close