ՋԵՐՄԱՔԱՐՇԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  Armenian Russian English

   Երեկ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման հանձնվեց հիմնովին վերանորոգված ջերմաքարշը:
   Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, դա իրենց լոկոմոտիվային համալիրի աշխատանքի նոր փուլն է. «Սա փաստորեն ջերմաքարշի գործարանային վերանորոգում կարելի է համարել: Ես դա հենց այնպես չեմ ասում. ջերմաքարշը քանդվել է մինչեւ վերջին ագրեգատը եւ նորից հավաքվել ժամանակակից պահանջներին համապատասխան: Կոնցենսիայի ծրագրով միայն Երեւանի դեպոյի վերակառուցման համար ծախսվել է մեկ միլիարդ 287 միլիոն դրամ: Արդեն տեղադրված քառասուներեք միավոր նոր սարքավորումների ձեռքբերման համար ծախսվել է 316 միլիոն դրամ:
   Այսօրվա շոգեքարշի շահագործման հանձնումը նույնպես այդ ներդրումային ծրագրի մի մասն է, եւ ուզում եմ հատուկ ընդգծել, որ նման ծավալով ջերմաքարշի վերանորոգման աշխատանք Հայաստանի Հանրապետության տարածքում դեռեւս չէր իրականացվել»:
   Գլխավոր տնօրենը հպարտությամբ հավելեց, որ վերանորոգման ժամանակ օգտագործված սարքավորումների առանձին տարրեր Հայաստանի տարածքում օգտագործվել են առաջին անգամ, ինչը, իհարկե, նոր որակ է հաղորդում շոգեքարշին, շարժակազմի, ինչպես նաեւ իրենց աշխատանքներին ընդհանրապես:
   «Ես անհրաժեշտ եմ համարում առանձնահատուկ ընդգծել, որ այս բոլոր աշխատանքներն իրականացվել են մեր աշխատակիցների ձեռքերով ` առանց դրսից որեւէ մեկի ընդգրկման: Ընդ որում՝ այդ աշխատանքներն այնքան էլ դյուրին չեն եղել: Բերեմ միայն մեկ վառ օրինակ. այսօր մեր աշխատակիցների կողմից ներդրվել է ոչ ստանդարտ հինգ միավոր սարքավորում, որոնցից փաստորեն նույնիսկ Ռուսաստանի որոշ դեպոներում չկան: Եվ ես վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր կոլեկտիվի կողմից կգրանցվեն նորանոր հաջողություններ»,- նշեց Սերգեյ Վալկոն:
   Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի Երեւանի տեղամասի պետ ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ նկատեց, որ ջերմաքարշը կապիտալ վերանորոգվել է, ամեն ինչ կատարվել է իրենց ուժերով, իսկ դրա համար պահանջվել է հինգ միլիոն դրամ գումար: Եվ նման վերանորոգում 1990-ական թվականներից հետո առաջին անգամ է կատարվել Հայաստանում. «Աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվել է երկու ամիս: Ընդհանրապես ջերմաքարշը կատարում է կայարանի մանեւրային, վագոնները տեսակավորելու աշխատանքներ»:
   Ըստ տեղամասի պետի, որ այս տարի` մինչեւ նոյեմբերի կեսերը, եւս մեկ ջերմաքարշ կվերանորոգվի, այն արդեն, այսպես ասած, կազմուպատրաստ կանգնած է: Նա չկարողացավ համեմատել, թե նախկինո՞ւմ էր ավելի շատ գումար ծախսվում ջերմաքարշի վերանորոգման համար, երբ այն իրականացվում էր Ռուսաստանում, թե՞ հիմա, երբ տեղում է վերանորոգումն իրականացվում. «Այն ժամանակ ուրիշ հաշվարկներ էին, այսօր` բոլորովին ուրիշ, եւ դժվար է համեմատել:
   Ինչ վերաբերում է ջերմաքարշերին, ապա ունենք տասնչորս հատ, որոնցից առաջինն արդեն վերանորոգել ենք, երկրորդը, ինչպես ասացի, պատրաստ կանգնած է: Իսկ մնացած տասներկուսը չնայած շահագործվում են, սակայն բոլորն էլ վերանորոգման կարիք ունեն»:
   Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ անչափ ուրախ է, որ մասնակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հերթական նման միջոցառմանը. «Արդեն լավ ավանդույթ է դարձել, որ ՀԿԵ-ն տարին մի քանի անգամ նման միջոցառումներ է անցկացնում` հերթական անգամ ուրախություն պարգեւելով ոչ միայն ինձ, այլեւ երկաթուղու ճակատագրով շահագրգռված մարդկանց:
   Մի օր ինչ-որ հետաքրքիր օբյեկտ է բացվում, մեկ այլ օր` ջերմաքարշ է, կարելի է ասել, շահագործման հանձնվում: Նման երեւույթները միշտ էլ հաճելի են ու վկայում են, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ապրում է նորմալ կյանքով, առաջ է ընթանում, զարգանում»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

close