ԵՆԹԱԿԱՅԱՆԻՑ ԿՕԳՏՎԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐԸ

  Armenian Russian English

   Հոկտեմբերի 13-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Փամբակ» կայարանում շահագործման հանձնվեց հիմնովին վերանորոգված քարշային ենթակայանը:
   Ինչպես իր խոսքում նշեց ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, ենթակայանը չէր աշխատում 1989 թվականից, իսկ նրա վերակառուցումը ընկերության էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերից մեկն է:
   «ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումները Լոռու մարզում կազմում են 10 միլիարդ դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը հասել է 600 միլիոն դրամի: Իրականացված աշխատանքների շրջանակում վերականգնվել եւ ամրացվել են մի շարք կամուրջներ եւ ենթակառուցվածքային շինություններ, որոնց միջոցով ապահովվում է գնացքների երթեւեկության անվտանգությունը:
   Ինչ վերաբերում է կոնկրետ «Փամբակ» կայարանի ենթակայանի վերականգնմանը, ապա այդ նպատակով ծախսվել է 30 միլիոն դրամ, եւ այս ենթակայանը կապահովի մեր ենթակառուցվածքների էներգաանվտանգությունը:
   Կարեւոր է նաեւ, որ ընկերությունը ենթակայանը վերակառուցել է իր մասնագետների ուժերով՝ կոնցենսիոն պարտավորությունների կատարման շրջանակներում: Տեղակայվել է երկու կիլոմետր էլեկտրագիծ, վերականգնվել են ուժային եւ քարշային տրանսֆորմատորների տեխնիկական չափանիշները, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումները:
   Այսպիսով ենթակայանը, որտեղ մշտական աշխատանք կստանա հինգ հոգի, որ նույնպես կարեւոր հանգամանք է, պարունակում է նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ներուժ: Ավելին՝ «Փամբակ» քարշային ենթակայանի հզորությունը կազմում է 10 000 կիլովատտ, ինչը երկու անգամ գերազանցում է երկաթուղու կարիքն այս հատվածում»,- նշեց գլխավոր տնօրենը:
   Իսկ էլեկտրաէներգիայի ավելցուկը ՀԿԵ-ն պատրաստ է ուղղել շրջանի համայնքների էներգամատակարարմանը՝ իր ավանդն ունենալով հայկական գյուղերի զարգացման գործում: Եվ դա առաջին նման քայլը չի լինի:
   Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ՀԿԵ ՓԲԸ-ն Հայաստանի խոշոր էներգասպառողներից մեկն է, տարեկան սպառում է 60 միլիոն կիլովատտ էլեկտրաէներգիա, եւս 70 միլիոն կիլովատտ երկաթուղին փոխանցում է հանրապետության այլ սպառողներին: Ու նաեւ այս պատճառով ՀԿԵ-ի էներգահամակարգի արդիականացումը ընկերության առաջնահերթություններից մեկն է:
   Ընդունելով երկաթուղին հավատարմագրային կառավարման՝ ՀԿԵ ՓԲԸ-ն պարտավորվել է 2008-2038 թվականների համար 572 միլիոն դոլարի չափով ներդրումներ կատարել, որից 250 միլիոն դոլարն արդեն իսկ կատարվել է 2008-2015 թվականների ընթացքում: Ընդ որում՝ հիշյալ գումարից 183 միլիոն դոլարն ուղղվել է ենթակառուցվածքների վերանորոգմանը, իսկ 68 միլիոն դոլարը՝ շարժակազմի արդիականացմանը:
   2008 թվականից սկսած՝ փոխվել է 200 կիլոմետր կոնտակտային գիծ, նույնքան էլ՝ էներգամատակարարման բարձրավոլտ գիծ, 40 քարշային եւ տրանսֆորմատորային ենթակայաններ հիմնովին վերանորոգվել են:
   Սերգեյ Վալկոն հավելեց, որ բեռնափոխադրումները, ինչպես ամենուր, իրենց մոտ էլ պակասել են, սակայն չորրորդ եռամսյակում դրանք արդեն ավելացման միտում ունեն:
   Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա մոտ երկու շաբաթ հետո Երեւանում բացվելու է շոգեքարշերի վերանորոգման արտադրամաս:
   Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ նշեց, որ 26 տարի չաշխատելուց հետո ենթակայանի վերանորոգումն ու վերագործարկումն անչափ կարեւոր իրադարձություն է ոչ միայն ՀԿԵ ՓԲԸ-ի, այլեւ ընդհանրապես համայնքի, մարզի կյանքում. «Մինչեւ ենթակայանի շահագործումը, էլեկտրաէներգիայի լարումն ահավոր ընկած էր, որը խանգարում էր գնացքների կանոնավոր աշխատանքներին: Եվ այս մեկ ամսվա ընթացքում, երբ արդեն ենթակայանը շահագործվում է, դրական տեղաշարժը լարման հարցում զգալի է:
   Բացի դրանից, դեռեւս խորհրդային տարիներին այս ենթակայանից են սնվել Փամբակ եւ Եղեգնուտ համայնքները, որոնք հիմա Վանաձորից են էլեկտրաէներգիա ստանում, որի լարումը նույնպես ընկած է: Եվ քանի որ «Փամբակ» քարշային ենթակայանի հզորությունը կազմում է 10 000 կիլովատտ, ինչը երկու անգամ գերազանցում է երկաթուղու կարիքն այս հատվածում, ՀԿԵ ՓԲԸ-ն պատրաստ է էլեկտրաէներգիայի ավելցուկն ուղղել հենց այդ երկու գյուղերի էլեկտրամատակարարմանը: Ընդ որում՝ լարումն էլ կայուն կլինի»:
   Մարզպետը հավելեց, որ Լոռու մարզի ռելիեֆը շատ բարդ է, ուստի ՀԿԵ-ն ստիպված է լինում մեծ ուշադրություն դարձնել կամուրջների, երկաթուղային ճանապարհների կառուցմանը, լուրջ ներդրումային ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում: Բայց ընկերությունը չի բավարարվում միայն իր ներքին աշխատանքներն իրականացնելով, այլ նաեւ լուրջ սոցիալական ծրագրեր է կյանքի կոչում. «Օրինակ, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 1-ին, մասնակից եղանք Ֆիոլետովո գյուղի դպրոցի՝ ՀԿԵ ՓԲԸ-ի կողմից կապիտալ վերանորոգված երկրորդ մասնաշենքի, ինչպես նաեւ մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի բացման արարողությանը»:
   «Փամբակ» քարշային ենթակայանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ պատվոգրերի ու դրամական պարգեւների արժանացան ՀԿԵ ՓԲԸ մի խումբ աշխատակիցներ, իսկ վերջում էլ պատվավոր հյուրերը ծառեր տնկեցին ենթակայանի մոտակա այգում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

close