ՀԱՅԿԱԿԱՆ ԳՆԱՑՔԻՑ ՍԿՍԵԼ ԵՆ ՄԵԾ ԹՎՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՕԳՏՎԵԼ

  Armenian Russian English

   Այս տարի Երեւան-Բաթում-Երեւան գնացքի ուղեւորափոխադրումների ծավալը զգալիորեն նվազել է։
   Դա պայմանավորված է երկրի տնտեսական վիճակով` մասնավորապես գնողունակության անկմամբ, ինչպես նաեւ դրամի արժեզրկմամբ, ֆրանկի կուրսի բարձրացմամբ, ինչի հետեւանքով գնացքի տոմսերը 12 տոկոսով թանկացել են: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ ԳԱԳԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` ամփոփելով երկաթուղու ամառային սեզոնի աշխատանքը:
   Նրա հրապարակած տվյալներով` անցած տարվա համեմատ այս սեզոնին ուղեւորափոխադրումները նվազել են 25 տոկոսով: Անցած տարվա 45 հազար ուղեւորի փոխարեն այս տարի գնացքով վրացական ծովափնյա հանգստավայր է մեկնել մոտ 34 հազարը: Այդ պատճառով էլ պակասել է աշխատող վագոնների թիվը` անցած տարվա ութ վագոնի փոխարեն այս տարի մարդկանց դեպի Բաթում է տեղափոխել միջինը յոթ վագոնից բաղկացած գնացքը:
   Ընդ որում, հուսադրող չեն նաեւ Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքով ուղեւորափոխադրումների ցուցանիշները: 2014թ. համեմատ այն 20 տոկոսով նվազել է: Անցած տարի օրական միջինը 50-60 ուղեւոր էր գնացքով մեկնում Թբիլիսի, այս տարի նրանց թիվը հասնում է միջինը 40-ի:
   Գագիկ Մովսիսյանը թեեւ վիճակագրական այս տվյալները տխուր փաստ է համարում ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ երկաթուղու եւ այն շահագործող ընկերության համար, սակայն ելնելով այն հանգամանքից, որ նախկին ԽՍՀՄ երկրներում գրեթե նույն պատկերն է` հույս է հայտնում, որ տարածաշրջանում տնտեսական որոշ բարեփոխումներից հետո Հայաստանում եւս երկաթուղու վիճակը կկայունանա։
   «Նման իրավիճակում են հայտնվել նախկին ԽՍՀՄ երկրների գրեթե բոլոր երկաթուղիները, քանի որ շվեյցարական ֆրանկի գնի բարձրացումը նպաստել է բոլոր երկրներում գնացքների տոմսերի թանկացմանը: Իսկ քանի որ ԱՊՀ երկրներում նույնպես տնտեսապես անկայուն պատկեր է, բնակչությունն առանձնապես շատ չի վարձատրվում, այնտեղ էլ ուղեւորները նախընտրել են գնացքի փոխարեն ավելի մատչելի միջոցներով ճանապարհորդել:
   Միայն Բելառուսում է, որ ուղեւորափոխադրումների քանակը 15 տոկոսով է նվազել: Մնացած երկրներում այդ թիվը կա՛մ հավասարազոր է, կա՛մ գերազանցել է մեր երկրի ցուցանիշը: Օրինակ` Ռուսաստանում ուղեւորափոխադրումները նվազել են 36 տոկոսով, Էստոնիայում՝ 34, Ուկրաինայում՝ 50, Ադրբեջանում՝ 45 տոկոսով: Այնպես որ, այդ միտումը միայն մեր երկրով պայմանավորված չէ: Ուստի տարածաշրջանում տնտեսական որոշակի կայունացումից հետո թերեւս հնարավոր կլինի վերականգնել մեր ուղեւորափոխադրումների թիվը, գուցե նաեւ ավելացնել»,- նշեց երեկ Գ.Մովսիսյանը:
   Այդուհանդերձ, ուղեւորափոխադրումների տնօրինության պետը հավաստիացնում է, որ ընկերությունը չի պատրաստվում ձեռքերը ծալած սպասել լավ օրերի, երբ շվեյցարական ֆրանկը նորից կարժեւորվի, եւ գնացքի տոմսերը կէժանանան: ՀԿԵ-ն փորձում է նոր ռազմավարություն կիրառել եւ որոշակի գործակիցների նվազեցմամբ իջեցնել մեր ուղեւորներին առաջարկվող տոմսերի գները.
   «2011թ., երբ սկսեցիք ոլորտը սպասարկել, շվեյցարական ֆրանկն արժեր 410 դրամ: Այժմ 510 դրամ է: Եթե հաշվենք, որ միջինը տոմսի արժեքը 30-40 ֆրանկ է, ստացվում է, որ մոտ 4000 դրամով տոմսերը թանկացել են, իսկ դա քիչ գումար չէ: Եթե ստանդարտ վագոնի տոմսը 7-8 հազար էր, ապա այժմ 12 հազար դրամ է:
   Մեր ընկերությունը որոշել է քայլեր ձեռնարկել գները հնարավորինս նվազեցնելու եւ դրա շնորհիվ ուղեւորահոսքը գոնե վերականգնելու համար` չնայած նրան, որ երկաթուղու համար եւս բոլոր ծառայությունները թանկացել են` էլեկտրաէներգիան, վառելիքը եւ այլն:
   Բայց մեր քաղաքականությունն է` հանուն ուղեւորների շահերի այնպես անել, որ գնացքով ճամփորդելը նրանց համար նախընտրելի լինի` հարմարավետությունից բացի հնարավորինս մրցունակ գին ունենա: Իսկ դա հնարավոր է անել Վրաստանի հետ բանակցություններ վարելու միջոցով:
   Բանն այն է, որ միջազգային գնացքի տոմսի գինը որոշվում է այն երկրի հետ համատեղ, որտեղով այդ գնացքն անցնում է: Երեւան-Բաթում գնացքի տոմսի արժեքի 50 տոկոսը վրացիներին է վճարվում: Եթե հնարավոր լինի այդ տոկոսը փոքր-ինչ նվազեցնել, ապա դրա շնորհիվ կիջեցվեն նաեւ գնացքների տոմսերի գները: Հույս ունեմ, որ մինչեւ մայիս վրացիների հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել այդ մասին, եւ արդեն հաջորդ տարվա Երեւան-Բաթում ուղեւորափոխադրման սեզոնին մենք մեր ուղեւորներին շատ ավելի մատչելի ու մրցունակ տոմսեր կառաջարկենք»:
   Գագիկ Մովսիսյանը դրական միտում է համարում այն, որ 2015թ. «Արմենիա» ֆիրմային գնացքով դեպի Վրաստան, իսկ Վրաստանից էլ Հայաստան մեկնող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ է գրանցվել:
   Պարզվում է՝ ողջ ուղեւորահոսքի 51 տոկոսը օտար երկրների քաղաքացիներն են: Միայն Հայաստանից այս տարի 12-22 զբոսաշրջիկից բաղկացած 49 խումբ է մեկնել Վրաստան` հիմնականում Բաթում: Այս տարի Թբիլիսիում տեղի ունեցած զբոսաշրջության էքսպոյին ՀԿԵ-ի մասնակցության շնորհիվ շատ զբոսաշրջիկներ նաեւ Վրաստանից այցելեցին Հայաստան:
   «Անցած տարի Վրաստանում ընկերությունը մասնակցել է զբոսաշրջության էքսպո ցուցահանդեսին: Վրացական զբոսաշրջային ընկերությունները զարմացան, երբ իմացան, որ Հայաստանից դեպի Վրաստան հստակ ժամանակացույցով գնացք է աշխատում: Ուստի նրանք որոշեցին, որ այսուհետ իրենց տուր փաթեթներում կներառեն նաեւ դեպի Հայաստան ուղեւորություն:
   Իսկ մինչ այդ Հայաստանը անտեսված էր, քանի որ տուրիստները հիմնականում տարեցներ են, ովքեր մեքենայով դժվարանում են ճամփորդել: Իսկ գնացքի առկայությումը նրանց մեջ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կմեծացնի: Դա ուրախալի փաստ է, քանի որ ըստ վիճակագրական տվյալների` տարեկան 5-6 մլն տուրիստ է այցելում Վրաստան: Եթե նրանց որոշ տոկոսն էլ հետաքրքրված լինի Հայաստանով, ապա դա մեզանում կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ հայկական երկաթուղու համար բավական օգտակար կլինի»,- ասում է ՀԿԵ ներկայացուցիչը:
   Ընկերությունն այժմ քայլեր է կատարում, որպեսզի Վրաստանից ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկներ գան Հայաստան, այլեւ վրացիների մեջ նորից մեր երկրի հանդեպ հետաքրքրություն առաջանա: Դրա համար պայմանավորվածություններ են ձեռք բերել վրացական զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որոնք իրենց արտագնա տուրիստական փաթեթներում լայնորեն կգովազդեն Հայաստանը:
   Անդրադառնալով հայկական երկաթուղու որակին` Գագիկ Մովսիսյանը նշեց, որ ԱՊՀ շատ երկրներից մենք մեր մատուցած ծառայություններով ու հարմարություններով շատ ավելի առաջադեմ ենք: Ընկերությունն այս տարի իր գնացքներում գործադրեց շարժական wi fi կապը, որը ակտիվ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում: Իսկ ինտերնետի առկայությունը գնացքում բացառիկ երեւույթ է, ԱՊՀ երկրների երկաթուղիների 90 տոկոսը նման ծառայություն չի ապահովում:
   Բացի դրանից, Երեւանի կայարանատանն այսուհետ իրականացվում է Ռուսաստանի գնացքների տոմսերի վաճառք: Համակարգը մեկ ամիս է՝ գործում է եւ արդեն հասցրել է պահանջարկ ձեռք բերել: Գագիկ Մովսիսյանի պարզաբանմամբ` այն քաղաքացիները, ովքեր տրանսպորտով մեկնում են Ռուսաստանի որեւէ քաղաք, որից հետո իրենց ցանկալի վայրը գնացքով մեկնելու ցանկություն ունեն, այդ քաղաքի գնացքի տոմսը կարող են հենց Երեւանում ձեռք բերել:
   «Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, որ մեզ որոշակի քանակությամբ տոմսերի ամրագրման հնարավորություն ընձեռեն, որպեսզի մեր քաղաքացիներն անգամ տոմսի դեֆիցիտի ժամանակ կարողանան այն ձեռք բերել»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close