ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏՈՐՆ Է

  Armenian Russian English

   Մեր զրուցակիցն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի մամլո քարտուղար ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆԸ
  
   -Օրերս ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին փոխարինեց Սերգեյ Վալկոն, ինչն էլ անհասկանալի իրարանցում առաջացրեց մամուլում։ Իբր Ռեբեցին հեռացրել են պաշտոնից, քանի որ նա Վլադիմիր Յակունինի մարդն էր, եւ որ նրանից խիստ դժգոհ էին։ Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։
   -Այս տեղեկություններն ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ։ Համաձայն ծրագրային կարգի եւ հաշվի առնելով Հայաստանում երեք տարուց ավելի Վիկտոր Ռեբեցի աշխատանքային փորձը՝ նրան տեղափոխեցին այլ աշխատանքի։ Դա ոչ մի կապ չունի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հեռանալու հետ։ Հուսով եմ, որ շուտով լրացուցիչ կտեղեկանաք Վիկտոր Ռեբեցին նոր, ոչ պակաս պատասխանատու պաշտոնի նշանակելու մասին։
   Ինչ վերաբերում է Վիկտոր Ռեբեցի աշխատանքի որակին, ապա դա բարձր է գնահատել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
   «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նոր նախագահ Օլեգ Բելոզյորովը, ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում Վիկտոր Ռեբեցի աշխատանքը բարձր գնահատելուց բացի, բարեխիղճ աշխատանքի համար նրան պարգեւատրել է «Երկաթուղային տրանսպորտում անբասիր աշխատանքի համար» նշանով։
   Ինչպես արդեն նշեցի, Վիկտոր Ռեբեցին իբր աշխատանքից «հանելու» մասին բոլոր խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Գնահատական տալու համար պետք է նախ հաշվի առնել կատարած աշխատանքը։ Իսկ Ռեբեցի աշխատանքի մասին կարելի է դատել ըստ որոշ փաստերի։
   2009 թվականին երկաթուղում գրանցվել է վագոնների ռելսերից դուրս ընկնելու 97 դեպք։ Անցած տարի եղել է 6 նման դեպք, իսկ այս տարի՝ ոչ մեկը։ Ընկերությունը երկաթուղում անվտանգությունն ապահովելու համար վերանորոգել է 400 կմ ճանապարհ, փոխել է 700 հազար փայտակոճ։ Սրանք որակյալ աշխատանքը վկայող նշանակալից փաստեր են։
   Օրինակներ շատ կարելի է բերել. բավական է միայն ասել, որ աշխատանքային 7 տարիների ընթացքում ՀԿԵ-ն Հայաստանի երկաթուղային տրանսպորտի կառույցում կատարել է ավելի քան 250 մլն դոլարի ներդրում։
   Բացի դրանից, ՀԿԵ-ի ներդրումների շնորհիվ երկաթուղին գտնվում է այն վիճակում, որ եթե հարկ լինի ավելացնել բեռնափոխադրումների ծավալը, ապա դա կարվի շատ կարճ ժամկետներում։
   -Նախկին գլխավոր տնօրենի աշխատաոճից դժգոհ որոշ աշխատակիցներ վերջերս արհմիության նախագահի հետ միասին ղեկավարությանը մեղադրեցին կադրային «ջարդի», աշխատավարձերի կտրուկ կրճատման համար։ Դա՞ էլ է զրպարտանք։
   -Իհա՛րկե։ Դա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, հուլիսի 1-ից ՀԿԵ-ում բարձրացվել են տարիֆային վարձաչափերը, ինչը թույլ տվեց բարձրացնելու 1640 աշխատակիցների աշխատավարձը։
   Ընկերության իբր ահռելի պարտքերի հետեւանքով աշխատողների մասսայական կրճատման մասին տեղեկություններն ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀԿԵ ՓԲԸ-ում աշխատողների կրճատում երբեւէ չի եղել եւ հիմա էլ չկա, չնայած չեմ թաքցնի, որ հենց ձեր նշած արհմիության նախագահն է մի քանի անգամ ընկերության ղեկավարությանն առաջարկել կրճատել որոշ աշխատակիցների։
   Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ, սենսացիա փնտրելով, իբր ընկերությանը սպառնացող սնանկացման մասին լուրը ներկայացրել են որպես իրականություն՝ զլանալով անգամ ճշտել այդ տեղեկությունը։
   Երկաթուղին տնտեսական գործընթացի ուրույն ինդիկատորն է։ Ավաղ, պետք է նշել փոխադրումների ծավալի նվազումը, ինչը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլեւ ԱՊՀ մյուս երկրներին։
   Ինչ վերաբերում է ընկերության սակագնային քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ ՀԿԵ բեռնափոխադրումների սակագները, կախված բեռների անվանակարգերից, 16-43%-ով ցածր են, քան, օրինակ, հարեւան Վրաստանում։ Չնայած նրան, որ վերջին 6 ամսում բեռնափոխադրումները կրճատվել են 16%-ով, ինչի հետեւանքով, բնականաբար, նվազել են մեր եկամուտները, երկաթուղայինների աշխատավարը չի կրճատվել, պակասել է միայն պարգեւատրումների չափը։
   Հաշվի առնելով փոխադրումների ծավալների նվազման հետեւանքով ստեղծված վիճակը, համապատասխան Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, աշխատանքային կոլեկտիվի պահպանման նպատակով մշակվել են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն խնդրի լուծմանը եւ կպահպանեն մեր յուրաքանչյուր աշխատողի աշխատատեղը։
   Ներկայումս ընկերությունն իրագործում է կոնցեսիոն պայմանագրին միանգամայն համապատասխան ներդրումներ, աշխատանքներ են տարվում Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտն արդիականացնելու, երկաթուղային ենթակառուցվածքները վերանորոգելու ուղղությամբ։
   -Այնուամենայնիվ ուզում եմ կրկին անդրադառնալ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանին։ Ճի՞շտ է, որ նա յուրացրել է արհմիության միլիոնների հասնող միջոցները եւ հիմա փաստորեն փորձում է գործել «պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է» սկզբունքով։
   -Մենք չենք ցանկանում եւ չենք պատրաստվում պիտակներ կպցնել։ Առայժմ խնդիրն այն է, որ Աշոտ Խլղաթյանը ընկերության կողմից արհմիությանը 2014 թվականին եւ 2015 թվականի առաջին կիսամյակին հատկացված միջոցների ծախսման մասին դեռեւս հաշվետվություն չի ներկայացրել։ Խոսքը ավելի քան 83 մլն դրամի մասին է։
   Որքան ինձ հայտնի է, արհմիության նախագահը յուրաքանչյուր եռամսյակ այդ միջոցների ծախսման մասին պետք է հաշվետվություն ներկայացնի, իսկ ըստ Հայաստանի Հանրապետության «Արհմիությունների մասին» օրենքի 28-րդ հոդվածի, օրացուցային տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում պարտավոր է հրապարակել 2014 թվականի հաշվետվությունը։ Դա չի արվել։ Վերջապես, հուլիսին ՀԿԵ ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի ընդհանուր ժողովում նրանից դա պահանջվեց։ Առայժմ ոչ մի պատասխան քայլ չի հետեւել, բացի լրատվամիջոցներում նրա կազմակերպած բազմաթիվ կշտամբանքներից ու մեղադրանքներից։
   Մենք շարունակում ենք սպասել հաշվետվությանը, որից հետո տվյալ հարցում վերջնական պարզություն կմտցվի։ Իսկ առայժմ կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող։
   Իմիջիայլոց, ՀԿԵ աշխատակիցների ընդդիմադիր տրամադրվածության վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերի մասին։ Նման տրամադրվածություն ՀԿԵ ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվում գոյություն չունի։ Մեր 3420 աշխատակիցներից 20-ին պարզապես մոլորության մեջ են գցել, շահարկվում է նրանց վստահությունն ու դյուրահավատությունը, փորձում են նրանց օգտագործել իրենց կասկածելի նպատակների համար։

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close