ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԳՐԵԹԵ ԼՈՒԾՎԱԾ Է

  Armenian Russian English

   Երեկ Երեւանում տեղի ունեցավ երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի երկաթուղիների ներկայացուցիչներ:
   Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման միասնական քաղաքականության մշակումը, երթեւեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը:
   Երեկվա խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկեցին անվտանգության կանոնների խախտման դեպքերում գործող եւ տեխնիկական փորձաքննություններ անցկացնող մասնագիտական խմբի գործունեությանը, արգելակային սարքավորումների տեխնիկական սպասարկման կանոնների փոփոխմանը, երկաթուղային տրանսպորտի կարիքների համար մատակարարվող ապրանքների եւ ծառայությունների որակին վերաբերող հարցեր:
   «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի երթեւեկության անվտանգության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՍԱՐԵՎԻ տեղեկացմամբ՝ հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերից մեկը վերաբերում է այնպիսի համակարգ ստեղծելուն, որը հնարավորություն կտա մոնիտորինգ անել այս կամ այն երկրի եւ մասնավորապես Հայաստանի երկաթուղու ենթակառուցվածքների վիճակը, շարժակազմը, լոկոմոտիվային պարկը: Դրա շնորհիվ համատեղ ուժերով ոլորտում եղած ամեն տեսակի խախտումներն ու շեղումները կանխարգելող միջոցներ կձեռնարկվեն:
   Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը նշեց այն կարեւոր երեք գործոնները, որոնց վրա էլ հիմնվում է երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգությունը՝ տեխնոլոգիաների կիրառում, տեխնոլոգիական մաշվածություն եւ անձնակազմ: Ուստի մոնիտորինգը պետք է իրականացվի այս երեք ոլորտներում, եւ համապատասխան միջոցառումներ իրականացվեն դրանք հնարավորինս որակյալ մակարդակի հասցնելու եւ այդպես պահպանելու համար:
   Խոսելով Հայաստանի երկաթգծի անվտանգության եւ հուսալիության մասին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ նշեց, որ գնացքների երթեւեկության անվտանգության հարցն ընկերության աշխատակիցների համար միշտ էլ առաջնային է եւ արդիական. «Մենք մեր աշխատանքային օրը սկսում ենք գնացքների անվտանգության համար ռիսկային գործոնների առկայությունը ստուգելուց եւ այդ ռիսկերը գնահատելուց, իսկ օրվա վերջում ամփոփելով աշխատանքի արդյունքները՝ ի մի ենք բերում, թե ինչ է արվել, որպեսզի անվտանգությունն ավելի լավ ապահովվի»:
   Ըստ նրա՝ 2009թ. գնացքների՝ գծերից դուրս գալու 96 դեպք է գրանցվել: Մինչդեռ անցած տարի այդ դեպքերի թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Ընթացիկ տարում նման դեպքեր ընդհանրապես չեն եղել:
   «Այդպիսի ցուցանիշների մասին խոսելը, իհարկե, պետք չէ պարծանքի առարկա դարձնել: Դա մեր բնականոն աշխատանքի արդյունքն է, եւ հենց նման մոտեցում է մեզանից պահանջվում ոլորտի նկատմամբ: Գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակն ապահովելու համար կան նաեւ այլ գործոններ, եւ դրանք նույնպես մեզանում բավական կարգավորվել են:
   Օրինակ, եթե երեք տարի առաջվա դրությամբ երկաթուղու մոտ 300 կմ ճանապարհ անբավարար էր գնահատվել ու անհուսալի, եւ ամսեամիս նման ճանապարհների թիվն ավելանում էր, ապա այսօր անբավարար գնահատականի արժանի ճանապարհների երկարությունը հասնում է ընդամենը 6 կմ-ի: Այդ ճանապարհները նորոգվել են, վերափոխվել, համալրվել տեխնոլոգիական նոր հնարավորություններով: Դրա շնորհիվ գնացքների արագությունն էլ մեծացել է: Երեք տարվա ընթացքում այն աճել է 5 կմ/ժամով»,- լրագրողներին տեղեկացրեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը:
   Բելառուսի ներկայացուցիչ ԻՎԱՆ ԲՐԵՉԿՈՆ նույնպես դրական է գնահատում վերջին տարիներին ՀԿԵ-ի ձեռքբերումները ոլորտի անվտանգության առումով եւ ասում, որ այստեղ ներդրված փորձը ուսանելի է հանձնաժողովի անդամ երկրների համար. «Միայն այն հանգամանքը, որ Հայաստանում այս տարի երկաթուղային պատահարներ ու դեպքեր չեն գրանցվել, վկայում է այստեղի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ անվտանգության չափորոշիչներն ըստ պատշաճի ապահովելու մասին: Իսկ դա ուսանելի եւ օրինակելի պետք է դառնա մյուս երկրների համար»:
   «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կարեւորում է երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեությունը, քանի որ հանձնաժողովի անդամ պետությունների երկաթուղային ճանապարհները սերտորեն կապակցված են միմյանց: Ուստի պետությունները պետք է հոգ տանեն, որ հարեւան երկրներում իրենց վագոնների երթեւեկությունը հուսալի լինի:
   Հենց այդ նպատակով էլ ամեն տարի հանձնաժողովը նիստերի միջոցով քննարկում ու հաստատում է մեխանիզմներ, որոնք կնպաստեն մեկ միասնական համակարգի ստեղծմանն ու դրանում անվտանգության ապահովմանը. «Երկաթուղին չի կարող անջատ գոյություն ունենալ, քանի որ այն կապ է ապահովում տարբեր երկրների միջեւ: Հետեւաբար այդ բոլոր երկրների երկաթուղային կառույցները պետք է համագործակցեն միմյանց հետ՝ ոլորտին առնչվող ընդհանուր հարցերը համակարգելու եւ առկա խնդիրները լուծելու համար: Սա արդեն հանձնաժողովի վեցերորդ նիստն է, եւ այս ընթացքում կառույցը բավական գործուն քայլեր է իրականացրել իրեն վերապահված ուղղությամբ»:
   Լեւոն Հակոբյանը հավաստիացնում է, որ հայկական երկաթուղում անվտանգության հարցը մեծ մասամբ լուծված է. «Անվտանգության ապահովման կարեւոր բաղադիչներից է պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը: Մենք հատուկ կենտրոն ենք ստեղծել, որտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետների ենք պատրաստում: Կենտրոնը հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով ուսուցանել ամբողջ հանրապետության մեջ: Բացի դրանից, խրախուսում ենք լավ մասնագետներին, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանալու եւ հմտություններ ձեռք բերելու ձգտում լինի»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close