ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՕՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՏՈՆԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ

  Armenian Russian English

   Հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նշում էր երկաթուղայինի մասնագիտական տոնը
  
   «Հարավկովկասյան երկաթուղու» համար ամեն տարի իրենց մասնագիտական տոնը յուրահատուկ միջոցառումներով հիշատակելը վաղուց է բարի ավանդույթ դարձել: Երեկ էլ ընկերության գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ, այդ կապակցությամբ շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին, նրանցից շատերին պատվոգրեր ու դրամական պարգեւներ շնորհեց, իսկ կանանց նաեւ ծաղկեփնջեր՝ աշխատելով ամեն պարգեւատրված աշխատակցի հասցեին գովասանական խոսքեր ասել:
   «Մենք այսօր ի նշան ուշադրության եւ երախտագիտության՝ պարգեւատրում ենք մեր առաջատար աշխատակիցներին, նրանց, ովքեր իրենց գործունեությամբ, պրոֆեսիոնալիզմով հեղինակություն են ապահովում ընկերության համար, իրենց ներդրումն ունենում ընկերության զարգացման գործում, իսկ հանրությանը հնարավորինս մրցունակ ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռում:
   Վստահ եմ, ընկերության ղեկավարության նման խրախուսական քայլերը կոգեւորեն ոլորտի մասնագետներին՝ նրանց մղելով ավելի ջանասիրաբար կատարել պարտականությունները, քանի որ նրանք գիտեն՝ իրենց կատարած աշխատանքը սպասված ու գնահատված է»,- ասաց գլխավոր տնօրենը:
   Հատուկ նվերներով ու պատվոգրերով ընկերության ղեկավարությունը առանձնակի երախտագիտություն հայտնեց նաեւ ոլորտի վետերաններին, ովքեր թոշակի անցնելով՝ շարունակում են կապ պահպանել երկաթուղու հետ:
   Ընկերության գործունեության տարիներին ստեղծվել է վետերանների առանձին խորհուրդ, եւ ավելի քան 600 նախկին աշխատակից ներգրավվել է վետերանների շարժման փոխգործակցության մեջ: Այդ վետերաններից շատերն իրենց փորձն են փոխանցում կրտսեր սերնդին՝ ընկերության հիմնած ուսուցիչների դպրոցում:
   Ըստ Վիկտոր Ռեբեցի՝ ներկայումս 250-ից ավելի մարդ է ուսանել այդ դպրոցում: Ընկերության գլխավոր տնօրենը նաեւ վետերանների վաստակն է համարում, որ համակարգում աշխատում են բանիմաց ու շնորհալի երիտասարդ մասնագետներ:
   ՀԿԵ ղեկավարության ուշադրությունից ոգեւորված էին թե՛ շնորհների արժանացած աշխատակիցները, թե՛ վետերանները:
   Փոխադրումների գծով տնօրինության պետ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ նշում է, որ ղեկավարության նման վերաբերմունքը ստիպում է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքին. «Երախտապարտ ենք ղեկավարությանը մեր աշխատանքը գնահատելու համար: Սա լավ խրախուսանք է մեր գործը հետագայում էլ բարձր որակով անելու եւ ընկերության հեղինակությունը բարձր պահելու, ավելին՝ աշխատանքը տեխնիկապես կատարելագործելու համար»:
   ՀԿԵ գույքի վարչության պետ ԱՆՆԱ ՄՈԽՈՎԱՆ էլ նշում է, որ իսկապես մեծ գնահատանքի են արժանի ոլորտի աշխատակիցները, ովքեր ներկա դժվարին ժամանակներում կարողանում են ապահովել երկաթուղու անխափան ու անվտանգ աշխատանքը. «Կարծում եմ՝ մեր ընկերության ղեկավարությունն արժանիորեն է գնահատում նրանց աշխատանքը, ջանքերն ու նվիրումը: Շատ կարեւոր է, երբ գնահատում են քո աշխատանքը եւ խրախուսում նոր ձեռքբերումների համար:
   Կարծում եմ՝ դա այն է, ինչ պակասում է Հայաստանում գործող շատ գործատու ընկերություններին: Այդ պատճառով հաճախ այս կամ այն ոլորտը չի ձգում երիտասարդներին: Աշխատանքը միայն աշխատավարձով չի գնահատվում, այլեւ ուշադրությամբ ու հարգանքով տվյալ աշխատակցի, մասնագիտության նկատմամբ: Ահա ինչու մեր թիմում շատ խելացի երիտասարդներ կան: Իսկ սա այն ոլորտն է, որը պետք է պարբերաբար գործուն վիճակում պահել, հին կադրերին փոխարինողներ պատրաստել ու այնպես վերաբերվել նրանց, որ աշխատանքը չտուժի»:
   Մասնագիտական օրվան նվիրված տոնակատարությունը կշարունակվի նաեւ այսօր՝ Գյումրիում: Հայաստանի երկաթուղային մայրաքաղաքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Այնտեղ ոչ միայն ընկերության գլխավոր տնօրենի, այլեւ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի հրամանով պատվավոր երկաթուղայինի կոչում կշնորհվի ընկերության երկու աշխատակցի՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալին, ինչպես նաեւ առաջատար կին կռունկավարի: Ի դեպ՝ պատվավոր երկաթուղայինը համակարգում ամենաբարձր կոչումն է համարվում:
   ՀԿԵ անձնակազմի կառավարման եւ սոցիալական զարգացման ծառայության պետ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ընդհանրապես լավ ավանդույթներ է ձեւավորել մեր երկրում, եւ հուսով է, որ դրանք շարունակական կլինեն: Ավանդույթներից բացի, իհարկե, ընկերությունը, ներդրումներ կատարելով ոլորտում, նպաստել է մեզանում համակարգի զարգացմանը: Դրա շնորհիվ Հայաստանից հարեւան երկիր գնացքներ են մեկնում, իսկ Հայաստանի տարբեր քաղաքների միջեւ էլեկտրագնացքներ են աշխատում. «Երբ ՀԿԵ-ն նոր էր եկել Հայաստան, մենք այդպիսի հնարավորությունից զրկված էինք: Իսկ այսօր երկաթուղին գործում է:
   Բացի դրանից, ընկերությունը բավական ձեռքբերումների է հասել նաեւ երկաթուղու տեխնիկական վիճակի առումով: Եթե այսօրվա տեխնիկական դրության մասին վիճակագրությունը համեմատենք տարիներ առաջվա վիճակագրության հետ՝ հսկայական տարբերություն եւ դրական տեղաշարժեր կտեսնենք: Հինգ-վեց տարի առաջ անսարքության պատճառով հաճախակի էին անկանխատեսելի դեպքեր ու տեխնիկական վթարներ լինում: Այս տարի նման բաները հատուկենտ են դարձել, իսկ դա վկայում է տեխնիկական միջոցների բարվոք վիճակի մասին»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close