ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  Armenian Russian English

   «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կարեւորում է սոցիալական ծրագրերի իրականացումը՝՝ ուղղված աշխատակիցների բարեկեցությանը: Չնայած նման ծրագրերը ծախսատար են, ընկերությունը դիտարկում է դրանք որպես ներդրում ապագա կայուն զարգացման համար: ՀԿԵ-ն Հայաստանի այն եզակի ընկերություններից է, որոնք ստանձնում են սոցիալական հսկայական պատասխանատվություն իրենց աշխատակիցների հանդեպ: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք ՀԿԵ ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման եւ սոցիալական զարգացման ծառայության պետ ԱՐՏՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:
  
   -Պարոն Դանիելյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Հարավկովկասյան երկաթուղու սոցիալական ծրագիրը:
   -Հարավկովկասյան երկաթուղու սոցիալական ծրագրի նպատակն աշխատակիցների սոցիալական բեռը թեթեւացնելն է, այսինքն՝ համապատասխան միջոցառումների անցկացումը՝ կապված հանգստի կազմակերպման, առողջական վիճակի բարելավման եւ կրթական ծրագրերի իրականացման հետ: Սա համալիր եւ շեշտադրված մոտեցում է հիշյալ հարցերին։ Առանց նշված խնդիրների լուծման հնարավոր չէ կազմակերպել ճիշտ աշխատանք, ունենալ առողջ մթնոլորտ եւ ընդհանրապես ընկերությունը չի կարող գոյատեւել որպես առողջ օրգանիզմ:
   -Ի՞նչ է ենթադրում ծրագրի կրթական ուղղությունը:
   -Կրթական ուղղությունը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը զուտ ուսումնական գործընթացն է, որն ընդգրկում է աշխատակիցների ուսուցանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ միջնակարգ մասնագիտական կրթահամալիրներում։ Դրանցից է մեր վաղեմի գործընկերը՝ Գյումրու տեխնիկական քոլեջը, որտեղ երկաթուղու ֆինանսավորմամբ ուսանում են մոտ երկու հարյուր աշխատակից եւ երկաթուղայինների մոտ վաթսուն երեխա։ Ի դեպ, աշխատակիցների ուսուցումը կազմակերպվում է հեռակա, իսկ երեխաներինը՝ առկա:
   -Ո՞ր բուհերի հետ է համագործակցում ՀԿԵ-ն, եւ 2008 թվականից մինչ օրս քանի՞ շրջանավարտ եք ունեցել:
   -Հայաստանում համագործակցում ենք ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) հետ, որտեղ այս տարի 17 աշխատակից ավարտեց բակալավրի կրթական ծրագիրը: Համագործակցում ենք նաեւ Ռոստովի եւ Սանկտ Պետերբուրգի երկաթուղային մասնագիտական պետական համալսարանների հետ: Ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում ունեցել ենք բուհերի 50-ից ավելի շրջանավարտ:
   -Իսկ ի՞նչ է ներկայացնում ծրագրի բուժօգնության ուղղությունը:
   -Առանձնակի ուշադրություն է դարձվում բուժօգնության կազմակերպմանը: Հաշվի առնելով անվտանգ երթեւեկության ապահովման անհրաժեշտությունը, մեքենավարներն ու նրանց օգնականները անցնում են պարտադիր նախաուղերթային բուժզննում, քանի որ նրանց առողջական վիճակից է կախված ուղեւորների եւ բեռների անվտանգ տեղափոխումը:
   Երկաթուղային պոլիկլինիկայի հետ պայմանագրի համաձայն, այստեղ հաշվառված է մեր ամբողջ անձնակազմը. աշխատակիցները ստանում են անվճար բուժօգնություն:
   -Արդյոք բուժկենտրոնը տեխնիկապես հագեցա՞ծ է:
   -Ուղերթից առաջ մեքենավարների, նրանց օգնականների եւ ընդհանրապես անձնակազմի առողջական վիճակի ստուգման համար, այո՛, հագեցած է: Սակայն, մեր լավագույն բուժհիմնարկների համեմատությամբ, իհարկե, պոլիկլինիկան զիջում է իր հագեցվածությամբ: Այնուամենայնիվ, պոլիկլինիկայի ներկայիս տեխնիկական հագեցվածությունը ապահովում է անվտանգ երթեւեկություն կազմակերպելու պահանջները:
   -Անցնենք հանգստի կազմակերպմանը:
   -Հանգստի կազմակերպումը եւս կազմված է երկու մասից. ուշադրություն է դարձվում ոչ միայն աշխատակիցների, այլեւ նրանց երեխաների, թոռների հանգստի կազմակերպմանը: Մինչ օրս աշխատակիցների հանգիստը կազմակերպվել է Սեւանա լճի ափին գտնվող «Իագորա» հանգստի գոտում:
   -2008 թվականից մինչ օրս քանի՞ մարդ է հանգստացել, եւ որքա՞ն են կազմում ընդհանուր ծախսերը:
   -Մոտավոր հաշվարկներով՝ «Իագորա» հանգստի գոտում հանգստացել է շուրջ 1800 աշխատակից: Իսկ մոտ 2500 երեխա հանգստացել է «Գուգարք» մանկական ճամբարում: Երեխաների հանգիստը կազմակերպվում է բացառապես ՀԿԵ-ի հաշվին, իսկ աշխատակիցների հանգիստը ֆինանսավորվում է կիսով չափ:
   -Այս տարի փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:
   -Եթե անցած տարիներին աշխատողները կարող էին հանգստանալ միայն Սեւանա լճի ափին գտնվող «Իագորա» հանգստյան գոտում, ապա այս տարի ավելացել է 3 հանգստյան տուն՝ Աղավնաձորի «Զարթոնքը», Հանքավանի «Խոտորջուրը» եւ Ստեփանավանի «Լոռի Բերդը»: Իսկ բուժումն այս տարի իրականացվելու է Ջերմուկի «Արարատ» եւ Արզնու «N1 առողջարան» առողջարաններում:
   -ՀԿԵ-ն ավանդաբար առանձնացել է ֆինանսական օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությամբ: Ովքե՞ր կարող են ստանալ ֆինանսական աջակցություն:
   -Երկաթուղում գործում է սոցիալական հարցերով հանձնաժողով, որը նախագահում է գլխավոր տնօրենը: Այնտեղ ընդգրկված են տարբեր ոլորտների մասնագետներ: Աշխատակիցը, ելնելով ֆինանսական վիճակից, դիմում է երկաթուղու տնօրենին, դիմումը քննարկվում է սոցիալական հանձնաժողովի կողմից եւ հաշվի առնելով դիմումի լրջությունը, խնդրանքի անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Առհասարակ, 2008 թվականից ի վեր ավելի քան 2600 աշխատակից ստացել է ֆինանսական աջակցություն «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից:

ՄԱՐԻԱՄ ԱԼԵՔՅԱՆ

close