ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԵԶՈՆԸ

  Armenian Russian English

   Երեկ «Հարավկովկասյան երկաթուղին» բացեց այս տարվա ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը՝ դեպի Բաթում ճանապարհելով Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ մեկնող «Արմենիա» գնացքը՝ առաջին 68 ուղեւորով
  
   Անգամ Թբիլիսիում եղած ջրհեղեղը չխոչընդոտեց, որ ընկերությունը ճիշտ ժամանակին սեզոնի բացման մեկնարկը տա: Ջրհեղեղի կապակցությամբ լրագրողների անհանգստությունը փարատեց «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումների տնօրինության պետ ԳԱԳԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ հավաստիացնելով, որ գնացքներն անխափան ու առանց վտանգի երթեւեկում են Թբիլիսիով: Այնպես որ հայկական գնացքին որեւէ վտանգ չի սպառնում:
   Անդրադառնալով երկաթուղուց օգտվողների քանակին՝ Գագիկ Մովսիսյանը տեղեկացրեց՝ միտումը, որ այս տարի Վրաստանի առողջարաններ մեկնողներն ավելի շատ են շահագրգռված ճանապարհորդել ոչ թե ավտոբուսներով կամ երթուղայիններով, այլ գնացքով, ակնհայտ է:
   Դրա մասին է վկայում վիճակագրությունը: Եթե նախորդ տարի 2013թ. համեմատ ուղեւորների քանակը նվազել էր՝ 53 հազարից հասնելով 48 հազարի, ապա ներկայումս, երբ սեզոնի մեկնարկը նոր է տրվել, արդեն գնացքի 580 տոմս է վաճառվել: Իսկ դա, ուղեւորափոխադրումների տնօրինության պետի հավաստմամբ, լավատեսական թիվ է, եւ նույն տեմպով շարունակվելու դեպքում տարին բեղմնավոր կլինի «Հարավկովկասյան երկաթուղիների» համար:
   Ի դեպ, այս տարի Բաթում մեկնողները հնարավորություն կունենան այդ քաղաքից 3 կմ հեռու գտնվող Մախինջաուրի կայարանի փոխարեն կանգ առնել հենց Բաթումի նորաբաց կայարանատանը: Վաղը Վրաստանում տեղի կունենա կայարանատան բացման պաշտոնական արարողությունը, որից հետո այն կընդունի Վրաստան այցելած զբոսաշրջիկներին:
   Այս տարվա նորությունները միայն դրանով չեն սահմանափակվում: Այսուհետ գնացքի բոլոր վագոնների ուղեւորները կկարողանան օգտվել անվճար Wi Fi կապի հնարավորությունից, որը հասանելի կլինի թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանի տարածքում: Իսկ համացանցի շնորհիվ կարող են ծանոթանալ ոչ միայն հայկական, այլեւ միջազգային էլեկտրոնային մամուլում հրապարակվող նորություններին, քանի որ այդ թերթերը ներառված են Wi Fi կապով տրվող կայքերի ցանկում:
   Գագիկ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ անցած տարի «Արմենիա» գնացքով ճամփորդող ուղեւորների գրեթե հիսուն տոկոսն արտասահմանցիներ են եղել: Իսկ այս տարի վաճառված տոմսերի 65 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ են ձեռք բերել:
   «Իհարկե ուրախացնող հանգամանք է, որ օտարազգի զբոսաշրջիկները նույնպես օգտվում են հայկական երկաթուղու ծառայությունից: Սակայն մեր նպատակը հայ հասարակության շրջանում գնացքը հանրայնացնելն է, նրան սովորեցնելը, որ գնացքով ճանապարհորդելն ավելի հարմարավետ է ու ապահով:
   Դա նաեւ հայկական երկաթուղու զարգացման համար մեծ խթան կլինի՝ աշխուժացնելով այդ ոլորտը եւ նպաստելով ավելի մեծ ներդրումների ներգրավմանը»,- ասում է ուղեւորափոխադրումների տնօրինության պետը:
   Իր հերթին ՀԿԵ-ն ամեն ինչ անում է ուղեւորներին հնարավորինս բարձրորակ ծառայություն մատուցելու համար՝ շարունակելով հավատարիմ մնալ սպասարկման որակի բարելավման եւ վագոններում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականությանը: Այս տարի բոլոր վագոնները վերանորոգվել են Գյումրիի վագոնների դեպոյում, հնարավորինս արդիականացվել: Ամբողջովին նորացվել են նաեւ սպիտակեղենն ու անկողնային պարագաները: Այնպես որ «Արմենիա» գնացքի մաքուր եւ կոկիկ վագոններով ճանապարհորդելն այժմ ավելի հարմարավետ ու հաճելի է դարձել:
   Ինչի մասին փաստում են հենց ուղեւորները: ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Վրաստան մեկնելիս մշտապես օգտվել է երկաթուղուց, քանի որ երկու փոքր դուստրերի հետ է ճամփորդում, իսկ իրենց համար ամենահարմարավետ տարբերակը գնացքն է համարում. «Գնացքով ապահով է ու հարմարավետ: Մանավանդ երեխաների համար: Գիտեմ, որ նրանք ճանապարհին չեն նեղվի, գնացքում կարող են քայլել, վազվզել, ազատ լինել: Հենց դրա համար էլ միշտ նախընտրում եմ ճամփորդելու այս տարբերակը:
   Իսկ հիմա վագոններն ավելի են բարելավվել, ավելի կոկիկ են, մաքուր, սպասարկման մեջ էլ դրական փոփոխություններ կան: Կարծում եմ՝ տարեցտարի որակի բարձրացման ու մարդկանց հոգեբանության փոփոխության շնորհիվ երկաթուղու ուղեւորների թիվը կշատանա»:
   Երեկ Բաթում էին մեկնում նաեւ Հայաստանի կույրերի միավորման անդամները՝ շախմատի եւ շաշկու մրցաշարերին մասնակցելու համար: Նրանք եւս փաստում են, որ գնացքն ամենահարմարավետ փոխադրամիջոցն է, հատկապես տարեց մարդկանց համար:
   Ճիշտ է, գնացքի տոմսերն ավելի թանկ են՝ ավտոբուսի եւ երթուղայինների տոմսերի համեմատ, բայց եթե հաշվի առնենք գնացքով ճանապարհորդելու հարմարավետությունը, սպասարկումը, ապա այդ տարբերությունը այնքան էլ ակնհայտ չէ: Մանավանդ որ ՀԿԵ-ն այս տարի աշխատել է չփոփոխել տոմսերի արժեքը՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը: Միայն շվեյցարական ֆրանկի արժեքի բարձրացման հետ կապված են տոմսերը մի քանի հարյուր դրամով թանկացել: Այս տարի էլ դրանք տատանվում են 11-29 հազար դրամի սահմաններում՝ կախված կուպեների հարմարավետությունից:
   Գնացքներն ուղեւորներին շարունակելու են սպասարկել մինչեւ ծովային սեզոնի ավարտը՝ հոկտեմբերի մեկը, աշխատելով ամեն օր՝ 15:30-ի չվացուցակով: Ի դեպ, տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ-ի կայքում՝ էլեկտրոնային տարբերակով:
   Ըստ Գագիկ Մովսիսյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային տոմսերի վաճառքը 2-3 անգամ շատացել է: Իսկ դա նշանակում է, որ համակարգի ներդրումն արդարացնում է իրեն:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close