ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԳՆԱՑՔԸ` ԸՆԴԴԵՄ ՆԱՑԻԶՄԻ

  Armenian Russian English

   «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ երեկ հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, ովքեր կմասնակցեն «Ռուսական երկաթուղիների» կողմից կազմակերպած «Պատերազմի վետերանների ընկերության գնացք՝ ընդդեմ նացիզմի» սոցիալական ակցիային:
   Վետերան-երկաթուղայիններ Վարդգես Ստեփանյանը եւ Արտուշ Մկրտչյանը, պատերազմի եւ ՀՀ ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ, փոխգնդապետ Պետրոս Պետրոսյանը մեկնում են Մոսկվա, որտեղից մայիսի 20-23-ին գնացքով կուղեւորվեն Մոսկվա-Մինսկ-Բրեստ-Մոսկվա երթուղով:
   ՀԿԵ ՓԲԸ-ն կազմակերպել է վետերանների եւ նրանց ուղեկցող անձանց մասնակցությունը՝ իր վրա վերցնելով բոլոր ծախսերը:
   Հանդիպման ժամանակ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ընկերությունը սկսել է պատրաստվել Հաղթանակի տոնին նախօրոք՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ:
   Մայիսի 7-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վերանորոգումից հետո բացվել էր վետերան-երկաթուղային Գերասիմ Մարգարյանի տունը, որը վերակառուցվել է երկաթուղու միջոցներով: Մայիսի 8-ին Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել էր Հիշատակի եւ պատվո ծառուղին, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների անուններով վահանակներ: Մայիսի 9-ին վետերանները եւ ՀԿԵ աշխատակիցները հարգեցին զոհվածների հիշատակը՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը եւ Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:
   ՀԿԵ ղեկավարը ներկայացրեց վետերաններին սոցիալական ակցիայի ծրագիրը՝ նշելով, որ ընկերության գնացքը կմեկնի մայիսի 20-ին Մոսկվայի Բելառուսյան կայարանից, որտեղից Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ էին մեկնում ռազմական էշելոնները, եւ որտեղ 1945 թվականի մայիսի 9-ից հետո վերադառնում էին հաղթանակած զինվորները:
   Ինչպես տեղեկացրեց Վիկտոր Ռեբեցը, վետերանները կայցելեն Մինսկում գտնվող Հաղթանակի հուշահամալիրը եւ թանգարանը, «Բրեստի հերոսական բերդ» հուշահամալիրը: Մինսկում վետերաններին կդիմավորեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղիների ղեկավարները, ովքեր այդ օրերին գտնվելու են Բելառուսի մայրաքաղաքում՝ երկաթուղային տրանսպորտի հարցերով համագործակից երկրների խորհրդի նիստին:
   90-ամյա Վարդգես Ստեփանյանը, 1941 թվականին թողնելով դպրոցը, աշխատանքի էր անցել Գյումրիի շոգեքարշերի դեպո եւ փոխարինել ռազմաճակատ մեկնած բանվորներին: 1943 թվականի սեպտեմբերին նա զորակոչվեց բանակ եւ մասնակցեց Վելիկիե Լուկի քաղաքի եւ Բելառուսի ազատագրմանը: Մի քանի անգամ վիրավորվել էր, սակայն բուժումն ավարտելուց հետո վերադարձել շարք:
   Հաղթանակից հետո Վարդգես Ստեփանյանը տեղափոխվել էր Արեւելյան Պրուսիայում գտնվող Գումբինեն քաղաք, որտեղ մարտերը դեռ շարունակվում էին:
   Մինչեւ 1950 թվականը ծառայում էր 52-րդ հրետանային գնդում, իսկ զորացրվելուց հետո վերադարձել էր Լենինական՝ աշխատանքի անցնելով լոկոմոտիվային դեպոյում:
   Այստեղ նա աշխատում էր որպես շոգեքարշի, այնուհետեւ՝ էլեկտրաքարշի մեքենավարի օգնական, մեքենավար:
   Վարդգես Ստեփանյանը պարգեւատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով, Կարմիր աստղի շքանշանով, Փառքի շքանշաններով, «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 25-ամյակ» եւ «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 30-ամյակ» մեդալներով: Պատվավոր երկաթուղային է, Աշխատանքի վետերան:
   91-ամյա Արտուշ Մկրտչյանը զորակոչվել էր 1942 թվականին, ծառայում էր Ուկրաինական եւ Բելառուսական ճակատներում: Հաղթանակը գվարդիայի ավագ սերժանտ Մկրտչյանը դիմավորեց Էլբայում: Պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Կարմիր դրոշի շքանշանով, «Արիության համար» մեդալով ,1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի համար» մեդալով: Աշխատանքի վետերան է:
   92-ամյա Պետրոս Պետրոսյանը ճակատ մեկնել էր 1942 թվականին, առանձին հակատանկային դիվիզիոնի հրետանային մարտկոցի հրամանատար էր: Մասնակցել էր Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Երեք անգամ վիրավորվել էր, իսկ մայիսի 9-ը դիմավորել էր Բեռլինում: 1949 թվականին աշխատանքի էր անցել պետական անվտանգության համակարգում: Աշխատել էր Մերձավոր Արեւելքում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: Զբաղեցրել էր արտաքին հետախուզության պետի պաշտոնը:

ԱՆԺԵԼԱ ՕՍԻՊՈՎԱ

close