ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԽՎԵՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  Armenian Russian English

   Ինչպես հայտնի է, երկաթուղու գործունեության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարները, առաջատար մասնագետները մշտապես ստուգայցեր են կատարում
  
   Այս անգամ ընտրված էր երկաթուղու Երեւան-Վանաձոր հատվածը: Ինչպես նշեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի տեղակալ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, անցյալ տարի Վարդենիսի հատվածում են ստուգայց կատարել. «Իսկ այսօր ամբողջ տարածքը, գլխավոր, ավելի ճիշտ՝ Հայաստանի կենաց ճանապարհն ենք անցնում: Ընդհանրապես ամեն չորեքշաբթի հայտարարված է անվտանգության օր, եւ երկաթուղու ղեկավարները, ծառայության պետերը ստուգայցեր են կատարում: Իհարկե, շուտով սկսվող ամառային արձակուրդները կավելացնեն երկաթուղու անվտանգության հետ կապված խնդիրները:
   Ոչ պակաս վտանգավոր է անասուններին բաց հողատարածքներ դուրս բերելու հանգամանքը: Ընդ որում՝ գրեթե բոլոր հողատարածքները ցանկապատված են, իսկ երկաթուղին՝ ոչ, եւ հաճախ անասուններին արածեցնում են հենց գծի կողքերին: Նաեւ հաշվի առնելով, որ գնացքների արագությունն ավելանում է, անասունների հետ բախումը կարող է հանգեցնել անցանկալի ու տխուր հետեւանքների: Դա վերաբերում է թե՛ մարդատար, թե՛ բեռնատար գնացքներին, եւ կարող են տուժել ոչ միայն անասունները, այլեւ մարդիկ:
   Եվ մենք հանդիպում ենք այս տարածքում գտնվող բոլոր համայնքների ղեկավարների հետ, որպեսզի նրանց բացատրենք, խնդրենք, ինչու չէ, նաեւ պահանջենք ապահովել երկաթուղու անվտանգ աշխատանքը: Իսկ դրա համար նրանք պետք է բացատրական աշխատանք տանեն իրենց համայնքների անդամների հետ: Չմոռանանք, որ երկաթուղին համարվում է կյանքի համար վտանգավոր տարածք, եւ մարդկանց չի թույլատրվում գտնվել այդտեղ»:
   Ինչպես նշեց Լ.Հակոբյանը, 2014 թվականին 2013 թվականի համեմատ ավելացել են վթարների, գնացքի հետ բախման դեպքերը: Ընդ որում՝ դրա հետեւանքով տասներկու մարդ անմիջապես տեղում մահացել է. «Այդ պատճառով էլ ահազանգում ենք բոլորին, որ շատ զգույշ լինեն եւ երկաթգիծն անցնեն միայն թույլատրված տեղերով»:
   Երեւան-Վանաձոր ճանապարհահատվածի ամեն մի կայարանում կազմակերպվում էին հանդիպումներ Արմավիրի, Շիրակի մարզի տարբեր համայնքների ղեկավարների հետ, բացատրում եւ իրազեկում վտանգների մասին:
   ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ մասնավորապես նշեց, որ մարդկանց, ավտոմեքենաների՝ չթույլատրված տեղով երկաթգիծն անցնելը հղի է վտանգներով ոչ միայն շարժակազմի, սարքավորումների, այլեւ հենց տվյալ մարդկանց, մեքենաների վարորդների համար. «Այս տարի արդեն ավտոմեքենայի հետ բախման երկու դեպք է արձանագրվել, իսկ տրակտորի հետ բախումը կանխվել է միայն մեքենավարի զգոնության, ժամանակին նրա կատարած գործողությունների շնորհիվ: Մեքենավարը չի ենթադրում ավտոտրանսպորտի առկայությունը երկաթգծի վրա եւ արձագանքում է այն ժամանակ, երբ այն հայտնվում է իր տեսադաշտում: Եվ հաճախ արդեն շատ ուշ է լինում բախումը կանխելը:
   Մեր ղեկավարները, աշխատակիցները հանդիպումներ են կազմակերպում դպրոցներում, բնակավայրերում, բացատրում, որ գնացքը ավտոմեքենա չէ, չի կարող թեքել ճանապարհը, եւ նույնիսկ արգելակելու դեպքում 190 տոննայից ավելի քաշով էլեկտրատարը կարող է իներցիայով 800-1000 մ տարածություն անցնել:
   Բայց մենք այդքան աշխատակից չունենք, որ բացատրական աշխատանք տանենք ամեն մեկի հետ, ուստի ակնկալում ենք համայնքների ղեկավարների աջակցությունը, համատեղ միջոցառումների անցկացումը»:
   Ս.Վալկոն անդրադարձավ նաեւ մեկ այլ ցավոտ խնդրի. «Մարդկանց հող են հատկացրել, որտեղ նրանք ծառ են տնկել, այգի ստեղծել, եւ այդ ծառերի ճյուղերն արդեն առանձին տեղերում փակում են մեքենավարի տեսադաշտը, ինչը նույնպես վտանգում է անվտանգ երթեւեկությունը:
   Իհարկե, հասկանում ենք, որ այդ բերքատու ծառերը, այգին շատերի համար գոյատեւման միջոց են, սակայն կան համապատասխան նորմատիվներ, որ պետք է պարտադիր պահպանվեն: Ու եթե սեփականատերերը կամավոր չվերացնեն խախտումները, ստիպված կլինենք մեքենավարների տեսադաշտը բացելու համար իրականացնել համապատասխան աշխատանքներ, որոնցում, հարկ եղած դեպքում, կներգրավվեն ինչպես սեփական անվտանգության ծառայությունը, այնպես էլ իրավապահ մարմինները»:
   ՀԿԵ անվտանգության ծառայության պետի տեղակալ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նույնպես անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին, մատնանշեց մեկ այլ անցանկալի ու, ցավոք, տարածված երեւույթ. «Երկաթգծի տարբեր տեղամասերում հաճախ գողանում են երկաթուղային կաբելների կապի մալուխները, որոնք գունավոր մետաղներ են: Ու եթե գողերը մի 2-3 հազար դրամի օգուտ են ակնկալում, ապա երկաթգծին պատճառած վնասն անհամեմատ ավելի մեծ է ոչ միայն նյութական, այլեւ մարդկանց կյանքին վտանգ սպառնալու առումով:
   Մինչեւ հայտնաբերում են, թե որ տեղամասում է գողությունը կատարվել, եւ վերականգնում են գողացածը, մոտավորապես 4-5 ժամ է անցնում, իսկ այդ ժամանակահատվածում երկաթգծի աշխատանքն ամբողջությամբ խաթարվում է: Երկաթգիծն այդ հատվածում ընդհանրապես շարժը դադարեցնում է, որովհետեւ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ անցանկալի հետեւանքներ կունենա այդ քայլը:
   Եվ ստացվում է, որ 2-3 հազար դրամի օգուտի համար երկաթգծին պատճառվում է հարյուրավոր հազարների վնաս, որն այդպես էլ չի վերականգնվում, ու նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջանում»։
   Դեպքեր են լինում, որ հետաքրքրասիրությունից դրդված կամ միտումնավոր, գծերի վրա տարբեր տեսակի առարկաներ, հիմնականում փոքր քարեր են դնում. «Դա երեւի անչափահասների արած գործն է, որովհետեւ խելացի, չափահաս մարդիկ երբեք իրենց թույլ չեն տա գծերի վրա ինչ-որ առարկա կամ քարի բեկոր դնել, հետո հետեւել, թե ինչպես են գնացքի շարժակազմի անցնելուց հետո դրանք փշրվում: Նայեն եւ ուրախանան դրանով»:
   Մյուս բացասական երեւույթն այն է, որ միջքաղաքային մարդատար գնացքների անցնելու ժամանակ քարով խփում, ապակիներն են կոտրում. «Դա նույնպես հիմնականում անչափահասներն են անում: Մեր արագ արձագանքման խումբը զբաղվում է դրանով եւ ահազանգն ստանալուն պես մեկնում է դեպքի վայր: Եղել են դեպքեր, երբ ոստիկանության հետ համատեղ բացահայտվել են խուլիգանները, պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվել, որ նման դեպքերը չկրկնվեն»:
   Ստուգայցն ավարտվեց Վանաձորում, որտեղ ՀԿԵ ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, մարզի տարբեր համայնքների ղեկավարների, Վանաձորի կայարանի պետ Ռաֆիկ Սեխլեյանի հետ: Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի ունեցած ակտիվ քննարկումների շնորհիվ որոշվեց երկաթուղու անվտանգության խնդիրները ներկայացնել մարզի բոլոր համայնքներում, ինչպես նաեւ համապատասխան ժամանակացույցով հանդիպումներ կազմակերպել դպրոցներում: Հանդիպումներին կմասնակցեն ինչպես համայնքի ղեկավարները, դպրոցի տնօրենները, այնպես էլ ՀԿԵ աշխատակիցները, արագ արձագանքման խումբը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

close