ՎԵՏԵՐԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՏՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԱՆԸ

  Armenian Russian English

   Երեկ Չարենցավանի մոտակայքում գտնվող Սոլակ գյուղի բնակիչ 94-ամյա Գերասիմ Մարգարյանի համար իսկական տոն էր. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախաձեռնությամբ ու աջակցությամբ նրա կիսավեր առանձնատունը վերակառուցվել ու վերանորոգվել էր եւ նոր տեսքով իր հարկի տակ ընդունել միակ բնակչին:
  
   Գերասիմ հայրիկը բնակարանամուտի կապակցությամբ իր ընտանիքին էր հյուրընկալել՝ քրոջը, հինգ դուստրերին, նրանց զավակներին ու ծոռներին, ովքեր Երեւանում են բնակվում եւ ժամանակ առ ժամանակ այցելում են իրենց գերդաստանի գլխավորին: Գերասիմ հայրիկի կինը մահացել է տարիներ առաջ։
   Երեկ կանաչ գույնով ներկված եւ գրեթե անճանաչելի դարձած նրա տունը կարծես կենդանացել էր: Չգիտես էլ՝ երբ է վերջին անգամ տունն այդքան մարդաշատ եղել:
   Ծերունուն շնորհավորելու էին եկել նաեւ հարեւանները, գյուղապետը, փոխմարզպետը, ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ընկերության այլ աշխատակիցներ: Բոլորը հերթով գալիս, մտնում էին ներս, անցնում մաքուր սենյակներով ու գոհունակ դեմքով դուրս գալիս: Ուրախ էին, որ 94-ամյա ծերունին այժմ շատ ավելի լավ պայմաններում է ապրելու։ Միակ բանը, որ տան մեջ վարպետները գրեթե անփոփոխ են թողել, աղյուսով հավաքված վառարանն է: Գերասիմ պապը սեփական ձեռքերով է հավաքել: Այն ցուրտ օրերի հավատարիմ ուղեկիցն է, եւ նա չի ցանկացել բաժանվել դրանից:
   Գերասիմ Մարգարյանը Հայրենական պատերազմի վետերան է: 1941թ. 17-ամյա պատանի էր, երբ նրան զորակոչում են բանակ ու միանգամից ուղարկում ռազմաճակատ՝ Տուապսե: Այստեղ վիրավորվում է, մեկ-երկու ամսով ընկնում հիվանդանոց: Վերքերը բուժելուց հետո նորից ռազմաճակատ է մեկնում՝ Կուրսկի շրջան, նորից վիրավորվում, նորից հայտնվում հոսպիտալում:
   «Չորս անգամ վիրավորվել եմ՝ երկու ոտքից ու թիկունքից: Ոտքիս մեջ դեռ մնացել է պատերազմից հուշ մնացած փամփուշտը, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնել է տալիս իր մասին: Վերջին անգամ Լեհաստանում էի կռվում: Վիրավորվեցի ու պառկեցի հիվանդանոցում: Չէին հասցրել ինձ դուրս գրել, երբ եկան եւ մեզ հայտնեցին, որ պատերազմը վերջացել է»,- պատմում է Գերասիմ հայրիկը։ Նա փառք է տալիս Աստծուն, որ կենդանի է մնացել ու երկար ապրելու, ընտանիք կազմելու եւ մեծ գերդաստան ստեղծելու հնարավորություն է ունեցել:
   Սոլակ գյուղից պատերազմ է մեկնել 600 տղամարդ, սակայն վերադարձել է միայն կեսը: Ու այսօր այդ վետերաններից քչերն են կենդանի մնացել՝ հանձին Գերասիմ Մարգարյանի, որը պատերազմից հետո աշխատանքի է անցել երկաթգծում, աշխատել որպես ճանապարհային վարպետ, այնուհետեւ՝ ուղու բրիգադիր: Նվիրված աշխատանքի համար պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
   Ուղիղ 56 տարի այդ ոլորտում աշխատելուց հետո 1990թ. անցել է թոշակի եւ այդ օրվանից ամբողջությամբ տրվել տան հարեւանությամբ՝ ձորի պռնկին գտնվող այգու մշակման աշխատանքներին: Մինչ օրս խնամում է պտղատու ծառերը եւ պարծանքով է խոսում դրանց մասին, կարծես իր զավակները լինեն. «Ես իմ ծառերի հետ հանգստանում եմ: Բազմատեսակ ծառեր ունեմ՝ ընկուզենի, ծիրանենի, խնձորենի, տանձենի, կեռասենի: Սիրում եմ այգեգործությամբ զբաղվել, իսկ ծառերը վարձահատույց են լինում առատ բերքով: Բայց բերքը չեմ վաճառում: Բաժանում եմ դուստրերիս, թոռներիս: Նրանց հազիվ է բավականացնում»:
   Գերասիմ Մարգարյանի տունը վերակառուցելու, նորոգելու նախաձեռնությունը «Հարավկովկասյան երկաթուղունն» է եղել:
   ՀԿԵ գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԻ տեղեկացմամբ, երկաթուղու համակարգում 40 վետերան կա, որոնց մեծ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընկերությունն իր աջակցությունն է որոշել հայտնել այս կամ այն ձեւով. «Գերասիմ Մարգարյանը մեծ զրկանքներ է կրել պատերազմի տարիներին: Այն շքանշանները, որ զարդարում են նրա կուրծքը՝ «Կարմիր աստղ» շքանշան, Արիության մեդալ, վկայում են նրա հերոսական անցյալի մասին: Ավելի բարձր գնահատական Կարմիր բանակի զինվորի համար չի կարող լինել: Իսկ մենք էլ պարտավոր ենք փոխադարձել այդ զինվորներին իրենց հերոսության համար:
   Ի դեպ, բացի մարտի դաշտում կռվելուց, պատերազմի տարիներին մեծ սխրանք էր հատկապես հայկական երկաթուղում աշխատելը, քանի որ այն շատ մոտ էր Թուրքիայի սահմանին: Եվ ընդհարապես երկաթուղում աշխատելը գրեթե հավասարազոր էր պատերազմական պայմաններում կռվելուն: Ինչպես ժամանակին ասել է մարշալ Ժուկովը՝ երկաթուղայինները կարմիրբանակայինների կրտսեր եղբայրներն են եղել: Նրանք պատերազմի ժամանակ մեծ ներդրում են ունեցել հաղթանակը նվաճելու գործում: Նրանց շնորհիվ ավելի քան 20 մլն վագոն է տեղափոխվել՝ սպառազինությամբ բեռնավորված, ինչպես նաեւ մարդկանց վտանգավոր տարածքներից տարհանելու համար:
   Եվ հրաշալի է, որ 70 տարի անց պատերազմական տարիները հիշելու եւ մեր վետերաններին ուշադրություն հատկացնելու հնարավորություն ունենք՝ թեկուզ այս ձեւով»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close