«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ՏՈՒՐ-ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

  Armenian Russian English

   Դեպի Վրաստան եւ հակառակ ուղղություններով
  
   Երեկ «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում էկոնոմիկայի, բնապահպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարությունների աջակցությամբ մեկնարկեց «In Tour Expo-2015» միջազգային զբոսաշրջային երկրորդ ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը
  
   Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները` անցած տարվա համեմատ այս տարի էքսպո-ցուցահանդեսը մասնակիցների թվով ու աշխարհագրությամբ ավելի ընդգրկուն է: Այս տարի ցուցադրությանը մասնակցում է զբոսաշրջային ոլորտի հետ առնչվող 70 ընկերություն` ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ արտերկրից` Վրաստանից, Իրանից, Իսպանիայից, Բուլղարիայից, Ինդոնեզիայից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Եգիպտոսից:
   Իսկ դա վկայում է, որ օտարերկրյա կազմակերպություները սկսել են հետաքրքրվել Հայաստանով` որպես զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող երկրով, եւ ձգտում են իրենց զբոսաշրջային առաջարկներում ներառել նաեւ մեր երկիրը:
   Զբոսաշրջային էքսպո-ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ նոր ծրագիր է սկսել իրագործել` ընդլայնելով Հայաստանում եղած զբոսաշրջային ծառայությունների ու առաջարկների ցանկը:
   Ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ ԳԱԳԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ ՀԿԵ-ն այս տարի առաջին անգամ զբոսաշրջային փաթեթներ է ներկայացրել Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղություններով, ինչը փաթեթից օգտվողներին հնարավորություն կտա հարեւան երկիր մեկնել գնացքով ու շահավետ պայմաններով. «Մեր առաջարկած փաթեթներից օգտվելու դեպքում զբոսաշրջիկի համար գնացքի տոմսը կվաճառվի 10 տոկոս զեղչված գնով:
   Բացի դրանից, տուրիստական փաթեթի գնի մեջ ներառված են թե՛ գնացքի տոմսի, թե՛ Վրաստանում տեսարժան վայրերի տոմսերի, թե՛ գիշերակացի համար հյուրանոցների ու հյուրատների արժեքները` երկանգամյա կամ երեքանգամյա սննդի արժեքի հետ միասին: Հայկական կողմը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի հյուրանոցների հետ՝ հայ զբոսաշրջիկներին զեղչեր տրամադրելու համար:
   Մեր փաթեթները բավական շահեկան են ու շատ ընդգրկուն: Դրանցից կարող են օգտվել ինչպես պատմամշակութային, այնպես էլ արկածային տուրիզմի սիրահարները, նրանք, ովքեր սիրում են համտեսել ազգային խոհանոցի ճաշատեսակներն ու խմիչքները»:
   «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկում է մեկօրյա եւ եռօրյա ուղեւորություններ դեպի Վրաստանի տեսարժան վայրեր: Նախատեսված են խմբային (14-17 անձի համար) եւ ջիպ-տուրեր (4-6 անձի համար): Ուղեւորությունը Երեւանից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ կազմակերպվում է անվճար Wi-Fi կապով հարմարավետ կուպեներ ունեցող գնացքներով:
   Փաթեթներում ընդգրկված են Թբիլիսի, Մցխեթ, Քութայիս, Կախեթ, Բորժոմ, Կազբեկ, Մեգրել, Սվանեթի քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ զբոսաշրջիկները կայցելեն հանրահայտ վանական համալիրներ, բերդեր, տաճարներ, մշակութային օջախներ, զբոսայգիներ:
   Օրինակ` Քութայիսում հնարավորություն կլինի այցելելու Պրոմեթեւսի քարայրը, իսկ Բորժոմի քաղաքային պարկում` հենց գետնաբուխ աղբյուրներից համտեսելու հանքային ջրերը, Կախեթում՝ գինու գործարանում, համտեսելու վրացական գինիները: Ուշգուլիում է գտնվում Թամար թագուհու ամառային եւ ձմեռային աշտարակները, որոնք նույնպես ներառված են փաթեթների տեսարժան վայրերի ցանկում:
   Ըստ Գագիկ Մովսիսյանի` զբոսաշրջային փաթեթները դեռեւս առաջարկվում են հայ զբոսաշրջիկներին, սակայն վրացական կողմի հետ նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք շահագրգռեն վրացիներին այցելել Հայաստան` օգտվելով մեր երկաթուղային ընկերության առաջարկած հայաստանյան տուր փաթեթներից. «ՀԿԵ-ն պայմանագիր է ստորագրել վրացական «Էլիտ տուր» զբոսաշրջային ընկերության հետ, որի համաձայն նրանք մեր փաթեթները կներառեն իրենց առաջարկներում եւ վրացի զբոսաշրջիկներին կշահագրգռեն այցելել Հայաստանի տեսարժան վայրերը:
   Ցավոք, վրացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ դեռեւս շատ ցածր է, մինչդեռ ամեն տարի հայ զբոսաշրջիկների հսկայական հոսք է ուղեւորվում դեպի Վրաստան: Պետք է ձգտենք այնպես անել, որ ճանապարհորդությունները երկկողմանի դառնան: Առաջիկայում Վրաստանում տեղի կունենա իրենց զբոսաշրջային էքսպո-ցուցահանդեսը, որին կմասնակցի նաեւ մեր ընկերությունը` արդեն հստակ առաջարկներով:
   Հույս ունենք, որ կկարողանանք փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել մի շարք վրացական տուրընկերությունների հետ եւ ի վերջո նպաստել վրացի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան ուղեւորությունների աշխուժացմանը»:
   ՀԿԵ-ն նաեւ նախատեսում է համագործակցել «Ռուսական երկաթուղու» հետ, որպեսզի Ռուսաստանից եւս զբոսաշրջիկների հոսք լինի դեպի Հայաստան, իսկ ցանկության դեպքում՝ նաեւ Հայաստանից դեպի Վրաստան. «Ռուսաստանից հետաքրքրություն կա մեր առաջարկի նկատմամբ, մնում է հուսալ, որ այդ հետաքրքրությունն իր արդյունքները կտա, ու մեծաթիվ ռուս զբոսաշրջիկներ կօգտվեն ընկերության ներկայացրած փաթեթներից:
   Նման առաջարկները կխթանեն զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, ինչը շատ կարեւոր է մեր տնտեսության զարգացման, սոցիալական վիճակի բարելավման համար: Անգլիայի նման երկրի բյուջեի 15 տոկոսը առաջանում է տուրիզմի շնորհիվ: Մենք եւս պետք է ձգտենք այնպես անել, որ զբոսաշրջությունը մեր երկրում ռազմավարական կարեւոր ուղղություն դառնա ու ապահովի մեր բյուջեի զգալի մասը:
   Զբոսաշրջության ցուցիչները մեզանում դեռեւս շատ ցածր են, ու անելիքներ շատ ունենք: Եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա 2013թ. Հայաստան 600 հազար տուրիստ է եկել, այն դեպքում, երբ դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքը հասել է 5 մլն-ի»,- ասում է ուղեւորափոխադրումների տնօրինության պետը:
   Նրա հավաստմամբ` «Հարավկովկասյան երկաթուղու» այս նախաձեռնության նպատակը ոչ թե զբոսաշրջային ծառայություններով լրացուցիչ շահույթներ ապահովելն է, այլ միտված է Հայաստանում աշխուժացնելու երկաթուղային ծառայությունը, ավելացնելու երկաթուղուց օգտվողների ուղեւորահոսքը, ինչն էլ իր հերթին կնպաստի այդ ոլորտի զարգացմանն ու նոր ներդրումներ կապահովի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close