ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ

  Armenian Russian English

   Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե իբր «Հարավկովկասյան երկաթուղու» ֆինանսական վիճակը լավ չէ, եւ այդ ընկերությանը սպառնում է սնանկացում։ Որտեղից են առաջացել խոսակցությունները, դժվար է ասել։ Ամեն դեպքում, երկաթուղու ղեկավարությունը դրանց լուրջ չի վերաբերվում։
  
   -Երեւում է, ոչ բոլորն են ուզում ընդունել երկաթուղու հաջողությունները՝ հատկապես նման ուժեղ մրցակցության պայմաններում,- ասում է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑԸ։- Ստացել ենք աուդիտորական եզրակացությունը՝ 2014թ. ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։ Աուդիտորը միանշանակ հաստատել է դրա իսկությունը։
   Նրանք խորքային ուսումնասիրության են ենթարկել բոլոր ցուցանիշները։ Հաստատվել է, որ ամբողջությամբ ֆինանսավորել ենք անցած տարվա ներդրումային ծրագրերը, կատարել ենք բոլոր պարտավորությունները ընկերության աշխատողների նկատմամբ։ Բացարձակ ոչ մի պարտք չունենք բյուջեին։
   2014թ. արդյունքներով ստացել ենք ավելի բարձր շահույթ, քան նախատեսված էր տնօրենների խորհրդի որոշմամբ։ Մի բան, որ թույլ է տվել նվազեցնել անցած տարիներին կուտակված վնասները։ Այնպես որ այդ խոսակցություններին պետք չէ լուրջ վերաբերվել։ Դրանք մտացածին են եւ իրականության հետ կապ չունեն։ Մենք լիարժեք վստահ ենք մեր հնարավորություններին։
   Ամեն դեպքում, այնպես չէ, որ երկաթուղու ոլորտում խնդիրներ չկան։ Դրանք կապված են հիմնականում բեռնափոխադրումների ծավալների հետ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բիզնես պլանի եւ ներդրումային ծրագրերի համաձայն, երկաթուղային բեռնափոխարդրումներն այս տարի, թեկուզ փոքր, բայց պետք է աճեն։
   Տարին թեեւ դեռ նոր է մեկնարկել, այնուհանդերձ առաջին եռամսյակի արդյունքներն առայժմ հուսադրող չեն։ Բեռնափոխադրումները ոչ միայն չեն ավելացել, այլեւ շուրջ 15 տոկոսով նվազել են.
   -Եթե վերցնենք երկար ժամանակահատված, ապա փոխադրումների ծավալների աճի միտումը պահպանվում է։ Խոսքը, ասենք, 2009-2015թթ. մասին է։ Բայց այդ ընթացքում եղել են նաեւ վայրիվերումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով, հիմնականում արտադրության ծավալների, ինչպես նաեւ պահանջարկի կրճատմամբ։ Այս տարի գրեթե դադարեցրել են տեղափոխել այնպիսի ապրանքներ, որոնք կապված են ցեմենտի արտադրության հետ։ Հայաստանում կա ցեմենտի արտադրության երկու գործարան, որոնցից ոչ մեկը ամբողջ ծավալով չի աշխատում։
   Այնինչ մեզ համար այդ գործարանները բեռնափոխադրումներ ստեղծող արտադրություններ են։ Որպեսզի արտադրվի ցեմենտ, անհրաժեշտ է հումք։ Բայց նրանք հումքի տեղափոխում չեն պատվիրում։ Չնայած կան այդպիսի մտադրություններ, այնուհանդերձ դրանք առայժմ չեն իրականանում։
   Մեր խոշոր գործընկերներից մեկն էլ «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունն է։ Այն հանքանյութի վերամշակման համար ներդրել է նոր տեխնոլոգիա, բայց մի շարք պրոցեսներ դեռեւս ավարտուն տեսք չեն ստացել։ Այդ եւ այլ գործոնները թույլ չեն տալիս առայժմ դուրս գալ պլանային հզորություններին։ Դրա հետեւանքով պղնձի հանքաքարի փոխադրումները գործնականում գրեթե երկու անգամ կրճատվել են։
   Տարեսկզբին բեռնափոխադրումների ծավալների վրա որոշակի բացասական ազդեցություն թողած երրորդ գործոնը առնչվում է շինարարությանը. «Նվազել է նաեւ մետաղյա ապրանքների տեղափոխումը։ Նախորդ տարվա համեմատ այն 25 տոկոսով կրճատվել է։ Ենթադրում եմ, որ անկումը կապված է շինարարության ոլորտի հետ եւ հնարավոր է առաջիկայում վերականգնվի»։
   Վ.Ռեբեցը համակարծիք չէ այն դիտարկումներին, որ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են, որովհետեւ տնտեսավարողները գերադասում են փոխադրումներն իրականացնել ավտոտրանսպորտով. «Երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են երեք ուղղություններով, որոնցից եւ ոչ մեկը չի հանդիսանում ատոմեքենաներով տեղափոխվող ապրանք»։
   Փոխարենը մյուս ոլորտներում շրջանառությունները հիմնականում մնացել են նույնը կամ ավելացել են.
   -Մարտին վերականգնվեց ներմուծվող ապրանքների տեղափոխումը։ Չնայած փետրվարին եւ հատկապես հունվարին այն կրկնակի կրճատվել էր։ Որոշակի խնդիրներ կային ցորենի ներմուծման հետ կապված, բայց դրանք շուտով կարգավորվեցին, եւ փոխադրումները վերսկսվեցին։ Մարտին հացահատիկի տեղափոխումը 2,5 անգամ ավելին էր, քան անցած տարի։ Դրա շնորհիվ նախորդ տարվա համեմատ ծավալները գործնականում վերականգնվել են։
   Բեռնափոխադրումների ծավալների անկումը, Վ.Ռեբեցի կարծիքով, կապված չէ նաեւ սակագների եւ երկաթգծի գործունեության հետ։ Այդ են վկայում այն միտումները, որ արձանագրվել են փոխադրումների կառուցվածքում. «Առաջին եռամսյակի տվյալներով, ներմուծվող ապրանքների տեղափոխումը չի նվազել։ Աննշան կրճատվել են արտահանվող ապրանքները։ Սա վկայում է, որ արտահանում-ներմուծումը, որի վրա սովորաբար ազդում են փոխարժեքի փոփոխությունները, չեն նվազել։ Փոխարենը պակասել են ներքին փոխադրումները։
   Բեռնափոխադրումների ծավալների անկումը 99 տոկոսով բաժին է ընկնում երկու ուղղություններին՝ հանքաքարին եւ ցեմենտի արտադրության հումքին։ Չէինք սպասում, որ հանքաքարի տեղափոխման ծավալները կնվազեն։ Մեր պայմանագրերով դրանք պետք է համարժեք լինեին նախորդ տարվա մակարդակին։ Բայց նախատեսվող ծավալները չեն պահպանվում»։
   Դա բացասաբար է ազդում նախատեսված ծրագրերի իրականացման վրա։ Երկաթուղու գործունեությունն ուղղակիորեն կախված է գործընկերներից։ Ըստ ընկերության տնօրենի, պլանները ձեւավորվում են կանխատեսվող ծավալների հիման վրա։ Խոսքը մասնավորապես աշխատակազմի քանակի, վագոնների, վերականգնողական միջոցառումների, տեխնիկական սպասարկման ծախսերի մասին է. «Այնպես որ, բեռնափոխադրումների կրճատումը մեզ համար տհաճ անակնկալ է։ Խոսակցությունները, որ ծավալները կվերականգնվեն այս կամ հաջորդ ամիս, չեն կարող մեր համար հիմնավոր լինել։ Պլանավորված ծավալներին համապատասխան կառուցում ենք մեր աշխատանքը, բայց դրանք չեն իրականանում։ Կատարում ենք ծախսեր, որոնք ոչ մի կերպ չեն փոխհատուցվում բեռնափոխադրումներով»։
   Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի երկաթուղու գործունեության ոլորտը պրոբլեմային է։ Ներմուծման-արտահանման, առավել եւս ներքին փոխադրումների հեռավորությունը 300 կմ-ից պակաս է։ Այնինչ սովորաբար երկաթուղային փոխադրումները համարվում են արդարացված 500 կմ եւ ավել հեռավորության դեպքում։ Հայաստանում այն համարժեք է նվազագույնի ընդամենը կեսին։ Առաջին եռամսյակում փոխադրումների միջին հեռավորությունը եղել է 260 կիլոմետր։
   Երբ փոխադրումների հեռավորությունը փոքր է, իսկ բեռների քանակը կրճատվում է, բնականաբար երկաթուղին կորուստներ է ունենում։ Ուստի ստիպված է լինում անցնել խնայողական ռեժիմների։ Ըստ այդմ՝ վերանայվում են որոշ ծախսեր.
   -Մենք նպատակադրվել էինք բարձրացնել աշխատավարձերը, բայց անսպասելի բախվեցինք այնպիսի երեւույթի հետ, ինչպիսին է փոխադրումների կրճատումը։
   Դրա հետեւանքով նախատեսված 7 տոկոսի փոխարեն, աշխատավարձերը հաջողվել է ավելացնել 1,7 տոկոսով. «Փոխադրումների ծավալը առաջին եռամսյակում գրեթե 15 տոկոսով կրճատվեց։ Այդ պայմաններում մեր ակնկալիքները չարդարացան։ Դրա համար խնդիր դրվեց անցնել խնայողական ռեժիմների։ Մի բան, որ մեզ հնարավորություն կտա հասնել նախատեսված ցուցանիշներին, նույնիսկ փոխադրումների կրճատման պայմաններում»։
   Ըստ ընկերության տնօրենի, աշխատում են հնարավորինս արդյունավետ եւ ճիշտ օգտագործել ռեսուրսները։ Առավել եւս, որ արդեն առկա է նաեւ արդարացված փորձը.
   -Անցած տարի, խնայողական ծրագրի իրականացման շնորհիվ կարողացել ենք գրեթե 15 տոկոսով տնտեսել էլեկտրաէներգիայի սպառումը։ Ձեռք բերված փորձը թույլ կտա նույնը կրկնել նաեւ այս տարի։
   Խնայողական միջոցառումներն ուղղված են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքը մեղմելուն։ Ըստ Վ.Ռեբեցի, 2013թ. էլեկտրաէներգիան թանկացավ 46, 2014թ.՝ 12 տոկոսով, բայց էլեկտրագնացքների սակագները մնացին նույնը. «Մենք դրանք ոչ մի դրամով չբարձրացրինք։ Գնային ճնշման ազդեցությունն ամբողջությամբ վերցրինք մեզ վրա եւ օպտիմալացման միջոցառումներով կարողացանք փակել դրա հետեւանքով առաջացող վնասները։ Սրանք գործոններ են, որոնք անշուշտ ազդում են ընկերության գործունեության վրա»։
   Առավել եւս, որ կան նաեւ ծախսեր, որոնք կապված չեն փոխադրումների ծավալների հետ։ Կարող են ընդհանրապես բեռնափոխադրումներ չլինել, բայց դրանք պարտադիր պետք է կատարվեն։
   Չնայած փոխադրումների ծավալների կրճատմանը, այնուհանդերձ Վ.Ռեբեցը համոզված է, որ դա որեւէ ազդեցություն չի ունենա նախատեսված ներդրումային ծրագրերի վրա։ Դրանք ամբողջությամբ կկատարվեն.
   -Ներդրումները, ինչպես անցած տարի, կազմելու են 6,5 մլրդ դրամ։ Արդեն հաջորդ տարի դրանք կլինեն ավելի քիչ։ Այդպես է նախատեսված ներդրումային ծրագրով։ Մենք չենք վերանայել այդ ժամանակացույցը՝ կապված փոխադրումների ծավալների հետ։ Չնայած տրամաբանական կլիներ։
   Ռելսերը փոխվում են ոչ թե նրա համար, որ դրանք նոր լինեն, այլ որպեսզի դրանցով գնացքներ անցնեն։ Այս տարի, օրինակ, պլանավորել ենք իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ՝ Վանաձորի հատվածի գլխավոր մուտքի ամրացման նպատակով։ Այնպես որ, ինչպես անցած տարի կատարված ներդրումներն են համապատասխանել հաստատված ծրագրին, այդպես էլ լինելու է նաեւ այս տարի։
   Ընկերության ղեկավարը պատահական չի համարում, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեծացրել է ուշադրությունը «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության նկատմամբ։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը վերջերս այստեղ ուսումնասիրություններ է կատարել։ Դրանք վերաբերել են թե՛ իրականացվող սակագնային քաղաքականությանը, թե՛ այլ պարտավորություններին։
   Սակագնային քաղաքականության առումով հանձնաժողովը եզրակացրել է, որ խախտումներ չեն եղել. «Ավելին՝ արձանագրվել է, որ ընկերությունն աշխատում է ուժեղ մրցակցային միջավայրում եւ ունի շատ ցածր շահութաբերություն»։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

close