ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԱ

  Armenian Russian English

   Տեխնոլոգիական սրընթաց զարգացումների դարում ժամանակի միտումներին համընթաց՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարբերաբար արդիականացման ծրագրեր է իրականացնում երկաթուղում, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու ընկերության մատուցած ծառայությունների որակը, դրանք ավելի անվտանգ եւ ապահով դարձնելու
  
   Դեռ 2010թ. բարեփոխումների ծրագրով Հարավկովկասյան երկաթուղում բացվեց ուսուցման ճանապարհային կենտրոնը, որի նպատակը երկաթուղու աշխատողների ունակությունների եւ գիտելիքների կատարելագործումն է: Ներկայումս կենտրոնը արդեն համալրված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, մասնագետներով:
   2014թ. ավարտվեց կենտրոնի արդիականացման հերթական փուլը՝ նոր ուսումնական հրապարակի, արգելակման սարքավորումների նոր դասասենյակների ստեղծմամբ: Իսկ վերջերս էլ ավարտվեց ուսուցման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը:
   Ռուսական երկաթուղիների լոկոմոտիվային տնտեսության նախագծակոնստրուկտորային բյուրոյի եւ ՀԿԵ տեղեկատվահաշվարկային կենտրոնի մասնագետները կատարելագործել են վագոնի տեսահամակարգը, տեղադրել նոր, ժամանակակից համակարգչային տեխնիկա եւ պրոյեկտորներ, ինչի շնորհիվ ուսուցման գործընթացն ավելի արդյունավետ է իրականացվում եւ շատ ավելի հետաքրքիր:
   Իսկ դասասենյակներից մեկում տեղադրված վագոն տրենաժորի օգնությամբ սովորելու գործընթացը վերածվում է յուրօրինակ համակարգչային խաղի. պատին պրոյեկտվող տեսապատկերում ռեալ թայմ ռեժիմով ցուցադրվում է մեր երկրի ողջ երկաթուղային ճանապարհը մինչեւ Վրաստան՝ գործող լուսաֆորներով, ճանապարհային նշաններով, զառիվայրերով, իսկ վագոն-տրենաժորում նստած մեքենավարը այդ երկաթգծով «վարում» է մեքենան՝ հետեւելով հրահանգիչի հրամաններին:
   Վագոն-տրենաժորն օգտագործվում է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ընթացիկ ուսուցման եւ մասնագիտական ունակությունների բարձրացման, ոչ ստանդարտ եւ վթարային իրավիճակներում աշխատողների գործելու ունակությունների ստուգման համար:
   Ստուգարքներն իրականացվում են համակարգչային վերահսկողությամբ. համակարգիչը ձայնագրում է «ուղեւորությունը» եւ ճշգրիտ ժամանակագրությամբ գրանցում է թույլ տված բոլոր վրիպումները՝ արագության գերազանցում, արգելակների սխալ կառավարում, լուսաֆորի սխալ լույսի տակ ճանապարհանցում եւ այլն, եւ համապատասխան քանակության սխալներ թույլ տալու դեպքում «ոչ բավարար» է գնահատում մեքենավարի գիտելիքներն ու կարողությունները: Այդ դեպքում մեքենավարը պարտադրված է նորից ստուգարք հանձնել, բայց արդեն լրացուցիչ պարապելուց, գիտելիքները յուրացնելուց հետո:
   Ինչպես վստահեցնում է լոկոմոտիվային բրիգադի ուսուցման հրահանգիչ ՀԱՐՈՒԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ մեքենավարի մասնագիտությունը ոլորտում թերեւս ամենաբարդն է ու պատասխանատուն: Ահա ինչու հմուտ մեքենավար դառնալու համար, բացի տեսական գիտելիքներ ունենալուց, նաեւ մեծ աշխատանքային փորձ է հարկավոր. «Լոկոմոտիվ վարելու իրավունքը ոչ մեկին հեշտությամբ չի տրվում, չես կարող բուհն ավարտելուց հետո դիպլոմը ձեռքդ առնել ու միանգամից նստել վագոնի ղեկին: Մեքենավար դառնալու համար հարկավոր է մեծ դպրոց անցնել, աշակերտել վարպետ մեքենավարների, նախ հմտանալ որպես օգնական, հետո նոր վագոնի ղեկը ձեռքն առնել»:
   Ըստ Հարութ Գրիգորյանի՝ մեքենավարի գործն առավել բարդ է Հայաստանում, քանի որ այստեղ երկաթգիծն անցնում է լեռնային ճանապարհով։ Դրա համար գնացքի ղեկին նստած մեքենավարը այնքան հմուտ պետք է լինի, որ կարողանա կառավարել արգելակները ու չվտանգել գնացքը կամ ուղեւորների կյանքը:
   Հենց մասնագիտական գիտելիքները խորացնելու եւ ավելի մեծ հմտություններ ձեռք բերելու համար մեքենավարները եւ ընդհանրապես լոկոմոտիվի բրիգադի ամբողջ աշխատակազմը երկար ժամանակ վարպետանում են վագոն-տրենաժորը «վարելով», որից հետո նրանց ավելի իրական գործնական պարապմունքներ են սպասում արդեն շարժական վագոնում:
   Ըստ վագոն-տրենաժորի պետ ԳԱԼՈՒՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ամեն ամսվա ընթացքում մեկ անգամ լոկոմոտիվի բրիգադի ամբողջ աշխատակազմը՝ վագոննիկներ, մեքենավարներ, օգնականներ, կապի աշխատակիցներ, երթեւեկության, գծային ուղեմասի աշխատողներ, մեկնում են ուսումնական ուղեւորության՝ անցնելով Հայաստանի տարբեր երկաթգծային կայաններով. «Ուղեւորությունը տեւում է մոտ 10-12 օր: Այդ ընթացքում բոլորս ապրում ենք շարժական վագոն-տրենաժորում, սնվում այնտեղ, իսկ ցերեկային ժամերին կազմակերպում ուսումնական գործընթացը:
   Նման ուղեւորությունները հնարավորություն են տալիս ավելի լավ ամրապնդելու ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքները՝ դրանք կիրառելով իրական գործնական պայմաններում: Այդ ժամանակ բրիգադի աշխատակազմն արդեն իրական բարդությունների է բախվում, ստիպված է լինում իրական խնդիրներ հաղթահարել, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում նրանցից:
   Բայց, իհարկե, հաշվի առնելով, որ ուղեւորությունն ուսուցողական նպատակ ունի, նրանց աշխատանքին աչալրջորեն հետեւում են հրահանգիչներն ու հմուտ մեքենավարները: Այնպես որ արտակարգ պատահարները բացառվում են»:
   Գալուստ Քոչարյանին ոգեւորում են նման պարապմունքները, քանի որ նպաստում են ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացմանը։ Սակայն նրան մտահոգում է մի հանգամանք. աշխատողների համարժեք սերնդափոխություն տեղի չի ունենում. «Օրինակ` մեքենավարների միջին տարիքը 45-50-ն է: Շուտով նրանցից շատերը թոշակի կանցնեն, բայց մենք նրանց փոխարինողներ չունենք, երիտասարդների մեջ այս ոլորտում աշխատելու մեծ ձգտում չկա, նրանց համար ոլորտն այնքան էլ գրավիչ չէ»:
   Թեեւ Գյումրիում հատուկ մասնագիտական քոլեջ է գործում, որտեղ մեքենավարների կամ ոլորտի այլ մասնագետների են պատրաստում, սակայն նրանցից քչերն են կրթությունը շարունակում պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ այդ մասնագիտացման համար գործում է տրանսպորտի ֆակուլտետը, եւ եզակիներն են, որ իրենց ապագան տեսնում են հենց երկաթգծի ոլորտում:
   Թերեւս պատճառն այն է, որ երիտասարդ սերունդը հրապուրվում է առավել շահութաբեր ու, այսպես ասած, ժամանակակից՝ նորաձեւ համարվող մասնագիտություններով, իսկ մեքենավարի, օդաչուի մասնագիտությունները նրանց համար արխայիզմ են դարձել:
   Այնինչ, օրինակ, մեքենավարի մասնագիտությունը ամենապատասխանատու ու հետաքրքիր մասնագիտություններից է: Դրանում համոզվեցի ուսուցման ճանապարհային կենտրոնում վագոն-տրենաժորով մի քանի կիլոմետր ճանապարհ ինքնամոռաց կտրել-անցնելով՝ իհարկե վիրտուալ տիրույթում:
   Բայց դա ամենեւին չնվաստացրեց մասնագիտության գրավչությունը, հակառակը, ցանկություն առաջացրեց մեքենավարի ղեկն իրականում ձեռքս առնել՝ չնայած նրան, որ դա ամենեւին էլ կնոջ մասնագիտություն չէ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close