ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔԱՌԱՊԱՏԿԵԼ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

  Armenian Russian English

   Հայկական երկաթուղու բեռնափոխադրումների հզորություններն այսօր մի քանի անգամ մեծ են, քան իրականացվող փոխադրումներն են։
   Ինչպես օրերս Թբիլիսիում բացված ենթակառուցվածքների եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովի («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit») շրջանակներում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ ՕԼԵԳ ՇԱՏԱԼՈՎԸ, երկաթուղին պատրաստ է քառապատիկ ավելացնել բեռնափոխադրումները։ Դա կարող է արվել ցանկացած ժամանակ։ Ըստ Օ.Շատալովի, համակարգի տեխնիկական վիճակը լիովին բավարարում է դրան։
   Երկաթուղու հզորությունների ավելացման հարցում նպաստավոր դերակատարություն են ունեցել վերջին տարիներին իրականացված ներդրումները։ Ընդհանուր առմամբ 2009-2014թթ. ընթացքում ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը ուղղվել է ավելի քան 245 մլն դոլար։
   Թեեւ երկաթուղին պատրաստ է շոշափելիորեն ավելացնել բեռնափոխադրումները, այնուհանդերձ առայժմ չկան այդ ծավալի բեռներ։ Մի բան, որ բնականաբար պայմանավորված է թե՛ ներքին տնտեսական գործընթացներով, թե՛ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում եղած դժվարություններով։ Խոսքը մասնավորապես առնչվում է հեռահաղորդակցության ուղիների խիստ սահմանափակ լինելուն։
   Ինչպես հայտնի է, Հայաստանը արդեն տեւական ժամանակ զրկված է Վրաստանից բացի այլ երկրների հետ երկաթուղային ուղղակի հաղորդակցություն ունենալու հնարավորությունից։ Դա էլ խոչընդոտում է համակարգի աշխատանքի արդյունավետությանը։
   Ոչ մի կերպ չի հաջողվում լուծումներ գտնել Աբխազական գծի վերաբացման վերաբերյալ։ Մինչդեռ դա մեծապես կարող էր նպաստել ոչ միայն երկաթուղու բեռնափոխադրումների ավելացմանը, այլեւ Հայաստանի տնտեսության աշխուժացմանը։
   Առավել եւս, ինչպես ակնհայտ դարձավ համաժողովի շրջանակներում, տարբեր երկրներ հանդես են բերում բավական լուրջ հետաքրքրություն երկաթուղու գործունեության եւ զարգացման նկատմամբ։ Դրա վերաբերյալ թբիլիսյան համաժողովում զեկույց է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղու» պատվիրակության ղեկավարը՝ ի դեմս Օ.Շատալովի։
   Մասնակիցներից շատերի, հատկապես եվրոպական երկրների ներկայացուցիչների համար հայտնություն է եղել, որ հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն է։ Զեկույցից հետո բազմաթիվ բեռնափոխադրողներ, ինչպես նաեւ նոր նախագծերի իրականացման համար վստահելի գործընկերներ փնտրող գործարարներ սկսել են հետաքրքրվել հայկական երկաթուղու հնարավորություններով եւ զարգացման հեռանկարներով։
   Մասնավորապես վրաց գործընկերներին հետաքրքրել է Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություն։ Իսրայելի ներկայացուցիչները փորձել են ճշտել Թել Ավիվից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելու հեռանկարները։
   Նշենք, որ ենթակառուցվածքների եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովին սովորաբար ներկայացված են լինում նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային բազմաթիվ կազմակերպություններ եւ օտարերկրյա մասնակիցներ։
   Համաժողովի շրջանակներում բացված «Հարավկովկասյան երկաթուղու» տաղավարի այցելուների հետաքրքրությունները մեծ են եղել հատկապես Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ։
   Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանով էապես փոխվում է հայկական երկաթուղու նշանակությունը։ Այս ծրագրի իրականացումը նոր հնարավորություն է երկաթուղու ինչպես աշխարհագրության ընդլայնման, այնպես էլ գործունեության արդյունավետության բարձրացման համար։
   Հակառակ դեպքում, երկաթուղու ներկայիս հզորությունները դեռ երկար ժամանակ շատ ավելին կլինեն, քան բեռնափոխադրումներն են։ Առավել եւս, որ դրանց մի մասն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։ Այս առումով, իհարկե, Վրաստանում առաջիկայում կարող են նոր խնդիրներ ի հայտ գալ։
   Մասնավորապես նախապատրաստվում են առաջարկություններ, որ արգելվի ավտոմոբիլային տրանսպորտով նախատեսվածից ավել բեռների տեղափոխումը։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

close