ԱՐՁԱՆՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ

  Armenian Russian English

   Քանդակագործ Լ.Թոքմաջյանի հեղինակած Տիգրան Մեծի եւ Նոյ Նահապետի արձանների տեղափոխումը նախագահի նստավայրի` Բաղրամյան փողոցին տեսանելի հատվածից մամուլում ոչ ճիշտ մեկնաբանությունների տեղիք է տվել:
   Բանն այն է, որ արդեն շուրջ մեկ տարի է, նախագահի նստավայրում լայնածավալ վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքներ են ընթանում, որը ղեկավարում է հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Ընդհանրապես Երեւանի պետական կառավարման կարեւորագույն կառույցները եւ շենքերը` Հանրապետության հրապարակ, նախագահի նստավայր, Ազգային ժողով, Սահմանադրական դատարանի շենք եւ այլն, համարվում են հատուկ կարգավորման օբյեկտներ, եւ դրանց վերակառուցման լիազորությունները վերապահված են հանրապետության գլխավոր ճարտարապետի ինստիտուտին:
   Ուստի հենց Նարեկ Սարգսյանից փորձեցինք ճշտել այս երկու արձանների հետ կապված հարցը: Գլխավոր ճարտարապետի խոսքով` արձանները Բաղրամյան փողոցին հարող տարածքից, այսինքն՝ նստավայրի ֆասադային մասից ապամոնտաժվել եւ նստավայրի մեկ այլ հատված են տեղափոխվել իր անմիջական առաջարկությամբ. «Այդ արձանները հանելու առաջարկությունն իմ կողմից է եղել: Ավելին ասեմ, ե՛ւ իմ, ե՛ւ բազմաթիվ արվեստագետների համոզմամբ՝ այդ արձաններն իրենց ծավալով եւ դիրքով նախագահական նստավայրի ֆասադին հարիր չեն:
   Ի դեպ, առաջիկայում առաջարկելու եմ նաեւ, որ նստավայրին հարակից կղմինդրով անցակետի ծածկը եւս ցածրացվի, քանի որ այն պարզապես փակում, ստվեր է գցում ճարտարապետ Մարկ Գրիգորյանի` կլասիցիզմի ոճով արված եւ ճարտարապետական առումով բավական հետաքրքիր այս կառույցին»:


close