«ԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ, ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

  Armenian Russian English

   Վերջերս Ֆրանսիայի Ռուան քաղաքում տեղի ունեցած Ֆրանսիայի եւ Արեւելյան Եվրոպայի ճարտարապետական դպրոցների ուսանողների նախագծերի հերթական մրցույթի երրորդ մրցանակակիրը Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողուհի ԷՐԵԲՈՒՆԻ ԽԱՉԻԿՅԱՆՆ էր։ Նախագծի ղեկավարը նույն համալսարանի դասախոս, ճարտարապետ ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է, որը այդ հաղթանակը գնահատում է որպես հայ ճարտարապետական դպրոցի հաղթանակ։
   Համաձայն Հ.Վարդանյանի, մրցույթին ներկայացված նախագիծը առնչվում է մեր երկրի ներկա առաջնահերթություններին։ Պարզվում է, Ֆրանսիայի նման զարգացած երկրում էլ կան տնտեսական ճգնաժամերի հետեւանքով անկումային վիճակում հայտնված քաղաքներ, որոնց զարգացման հարցը օրակարգային է։ Եւ այդօրինակ քաղաքների վերակենդանացման համար Ֆրանսիայում օգտագործում են նաեւ ուսանողների առաջարկած քաղաքաշինական նախագծերը։
   Ընդհանրապես Հ.Վարդանյանն այն կարծիքին է, որ քաղաքաշինական ծրագրերի միջոցով տնտեսությունը վերականգնելը հետաքրքիր է այն իմաստով, որ ճարտարապետական մտքի թռիչքը կարող է արմատապես փոխել այս կամ այն քաղաքի դիմագիծը, կերպը։
   Մրցույթում հաղթած նախագիծը ֆրանսիական փոքրիկ քաղաքի երկու յուրահատկությունների վրա է հենվում՝ հռոմեական ուղանցույցի եւ քաղաքի միջով հոսող գետի։ Նախագծով առաջարկվում էր գետի եւ ուղանցույցի հատման տեղը դարձնել հասարակական կենտրոն, հանգստավայր։ Այդ կենտրոնին պայմանականորեն տվել էին «Ձոն ջրին» անունը։ Այն կարող է վերածվել ջրի աստծո պաշտամունքի վայրի։
   «Քաղաքաշինական նոր լուծումներով առաջարկում էինք «ջրի թատրոն», ուր հիմնական գործող անձը ջուրն էր, «ջրի թանգարան», այսինքն՝ ամեն ինչ պիտի կապված լինի ջրի հետ։ Ֆրանսիայում մեր գաղափարը գնահատվել է։
   Բնականաբար նման մի գաղափար առաջարկելով ֆրանսիական քաղաքի համար, նույնանման գաղափարներ ունենք մեր քաղաքների եւ գյուղական բնակավայրերի, մեր երկրի հոգսերի վերաբերյալ։ Հայաստանի առանձին գյուղերի, փոքր քաղաքների, նաեւ Երեւանի համար նոր գրավչություններ պիտի ստեղծվեն։
   Տեսեք, «Կիլիկիա» նավը նավարկությունից վերադառնալուց հետո դեռ իր արժանի տեղը չի գտել։ Բայց նավին միայն տեղ ու տարածք հատկացնելը չէ էականը, պիտի համապատասխան միջավայր ստեղծել։ Ճիշտ է, կա կառավարության համապատասխան որոշում թանգարան կառուցելու համար, ուր կներկայացվի նավի կառուցման պատմությունը, հայկական ծովագնացության պատմությունը, ի վերջո, նավարկության ողջ ընթացքը։
   Կարծում եմ, այս առումով շատ հարմար միջավայր է Երեւանյան լճի կամուրջից աջ ընկած հատվածը, որը Երեւանյան լճի շարունակությունը պիտի լիներ։ Լիճը մեծացնելով՝ կարելի է դարձնել «ծովային թանգարան»։
   Վստահաբար Երեւանին գրավչություն տվողը միայն էլիտար շենքերը եւ սպասարկման օբյեկտները չպետք է լինեն։ Իսկ կամուրջի մյուս կողմում Շենգավիթ հնավայրն է։ Մեր քթի տակ է, բայց դեռ լիարժեք չի էլ պեղվել։ Շենգավիթը Տրոյայի տարիքի հնավայր է եւ մարդկային բնակավայր։ Երեւանի հանգստի գոտիների շարքում ռեստորանային-քյաբաբ-խորովածային օբյեկտներից բացի, այլ մակարդակի մշակույթ պիտի առաջարկվի, նոր գրավչությամբ, հետաքրքիր լուծումներով։ Այդպիսով կարող ենք մեր երկիրը հետաքրքիր դարձնել զբոսաշրջիկներին։
   Շենգավիթ, Էրեբունի՝ սա մեր պատմությունն է։ Բայց մեր պատմությունը չենք կարողանում հավուր պատշաճի, նորաոճ մատուցմամբ ներկայացնել։ Ավելին՝ այդ հնավայրերը բարձիթողի են։
   Այն, ինչ այսօր կառուցվում է, վաղն էլ կարող ենք կառուցել, իսկ Շենգավիթն ու Էրեբունին եթե ոչնչանան, վաղը, մյուս օրը չենք կարող ասել, թե 2000-3000 տարվա հնության հուշարձան ունենք»,- ասում է Հրաչ Վարդանյանը։

ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

close