ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

  Armenian Russian English

   Վանիկ Խաչատրյանը, որին բոլորը ճանաչում են Վան Խաչատուր անունով, 80 տարեկան է: Սակայն նրա կենսախինդ ու առույգ պահվածքը միանգամայն այլ բան է ասում: «Երկար տարիներ յոգայով եմ զբաղվում, թե չէ հիմա արդեն կենդանի չէի լինի»,- ասում է ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԸ: Յոգան ապահովում է նրա ֆիզիկական գոյությունը, իսկ հոգեւորի համար նա լիցքավորման կարիք չունի: Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան, բանաստեղծ, փիլիսոփա. սրանք Վան Խաչատուրի ստեղծարար գործունեության ուղղություններն են:
  
   ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ
  
   Վան Խաչատուրը Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրն է: Դրա վկայությունն են Մատենադարանի հիասքանչ խճանկարը, որմնանկարները, մոնումենտալ նկարները, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում` Մեսրոպ Մաշտոցի ու Մովսես Խորենացու մոնումենտալ կերպարները: Նկարիչը հիշում է, թե ինչպես սկսեց արվեստի այդ ժանրում ստեղծագործել. «Դիպլոմային աշխատանքս ուզում էի ֆրեսկա անել, բայց այստեղ դա անհնար համարեցին:
   Մի քանդակագործ կար՝ Ստեփանյան ազգանունով, նա ասում էր «Ինչ ֆրեսկա, այ Վանիկ, ֆրեսկա Ռաֆայելն է նկարել 400 տարի առաջ, հիմա ոչ ոք չգիտի թաց սվաղի վրա ֆրեսկաներ անելու գաղտնիքները»: Գնացի Լենինգրադ, այնտեղ Մուխինի անվան մոնումենտալ արվեստի ինստիտուտում փորձեցի, ստացվեց, որից հետո եկա Երեւան, դիպլոմայինս ներկայացրի` տեսան-շշմեցին: Մի ֆրեսկա էի արել եւ մի խճանկար: Խճանկարը գնեց մշակույթի նախարարությունը, որը հիմա ֆոնդերում գցել-մոռացել են: Ֆրեսկաս էլ ջարդուփշուր արվեց»:
  
   ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ-ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ
  
   Ճարտարապետության ասպարեզում Վան Խաչատուրի աշխատանքը չի սահմանափակվում նախագծերով: Ամենազարմանալին նրա ստեղծած ապագայի ճարտարապետությունն է, նրա քաղաքաշինական նոր գաղափարները: Վան Խաչատուրի ապագայի քաղաքները, որ նպաստում են լուծելու համաշխարհային բնապահպանական ճգնաժամի խնդիրները, բազմահարկ արտասովոր շինություններ են, որ կառուցվում են օդի մեջ:
   Վան Խաչատուրը ճարտարապետական պլաստիկ ստեղծագործության` «Ճայի» հեղինակն է (Սեւան տանող խճուղու եզրին): Քչերը գիտեն եւ իմացողներն էլ գրեթե երբեք չեն հիշում Վան Խաչատուրի անունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հեղինակների (Ս.Քալաշյան, Ա.Թարխանյան) կողքին: Եղեռնի հուշահամալիրի Սգո պատին նախատեսված էին Վան Խաչատուրի քանդակները. «Պետք է քանդակեի սգո երթ պատկերող «Մոր եւ մանկան» 111 պատկերաքանդակ: Մայրը պետք է լիներ ներս քանդակված, որպես զոհ` ներկայացվեր ստվերի, հետքի տեսքով, իսկ երեխան ընդունված ձեւով` դեպի դուրս եւ խորհրդանշեր շարունակվող կյանքը: 2 քանդակ արել էի, բայց դա 2003-ին քանդեցին եւ տեղում դրեցին սրբատաշ քարեր»:
   Սա Վան Խաչատուրի միակ «տուժված» քանդակը չէ: Նա տխուր ժպիտով հիշում է նաեւ Հովսեփ Օրբելու արձանը: «Օրբելու արձանը քանդակելու համար գնացի Լենինգրադ, նկարեցի Օրբելուն, էսքիզներն ու պլաստիլինից մակետը պատրաստեցի, Օրբելու հավանությանը արժանացած` եկա Երեւան: Պետք էր 4 մետր բարձրությամբ մի կտորով քար: Գտա, բայց դա կշռում էր 70 տոննա, որը տրակտորով հնարավոր չէր բերել:
   Հասրաթյանը զանգեց Թիֆլիսի զորամասի գեներալներից մեկին, նա երկու տանկ ուղարկեց, որով այդ քարը բերեցինք Ակադեմիայի մոտ: Ցանկապատ սարքեցինք ու սկսեցինք աշխատել: Բայց այդ ժամանակ Վիկտոր Համբարձումյանը դեմ դուրս եկավ ու չթողեց այդ արձանը դնել: Նա ուզում էր, որ միայն իր արձանը դնեին, իսկ ես մտածել էի, որ ձախից տեղադրեինք Օրբելու, աջից Համբարձումյանի արձանները: Այդպես էլ ոչ Օրբելունը դրվեց, ոչ էլ Համբարձումյանինը: Իսկ պատրաստի արձանը տարան քաղաքից դուրս ու էլ չիմացանք, թե ինչ եղավ»:
  
   ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՎԱԾԸ
  
   Վան Խաչատուրին 1959-ին հեռացրին նկարիչների միությունից: Դրա մասին նկարիչը հիմա պատմում է բարձր քրքջալով, բայց միեւնույն ժամանակ խոստովանելով, որ դա իր վրա խիստ թանկ է նստել. «Նկարիչների միությունից հեռացրին, որովհետեւ աբստրակցիոնիստ էի եւ սոցռեալիզմին դեմ էի: Մեզ պարտադրում էին բանվոր, գյուղացի, Լենին, Խրուշչով նկարել, ես էլ չէի նկարում: Սոցիալական վիճակս շատ վատ էր, վարձով էի ապրում, կիսաքաղց: Մի անգամ դիմում գրեցի Կենտկոմ, ասացի՝ ինչու՞ ինձ հետ ոչ մի պայմանագիր չեք կնքում, նկար չեք պատվիրում: Կենտկոմի մշակույթի բաժնի պետը` Ռոբերտ Խաչատրյանը, ինձ կանչեց, ասաց՝ գնա մշակույթի նախարարության կերպարվեստի բաժնի պետ Շուրիկ Տեր-Գաբրիելյանի մոտ, նա քեզ հետ պայմանագիր կկնքի:
   Ուրախ-ուրախ գնացի, սա էլ մի ցուցակ տվեց ու ասաց, ընտրիր ուզածդ թեման ու գնա նկարի, եթե Խանջյանին 50000 ենք տալիս, քեզ 70000 կտանք: Ցուցակի նկարների թեմաներն էին «Լենինը եսիմ որ համագումարում», «Ստալինը չգիտեմ, թե որտեղ», «Հոկտեմբերյան հեղափոխություն»: Էդ պահին գժությունս բռնեց, վերցրեցի այդ ցուցակը շպրտեցի դեմքին:
   Դրանից բացի, նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի (մի ողորմելի նկարիչ) ժողովներին միշտ աղմուկ էի բարձրացնում, ժողովը տապալում: Համագումարից առաջ էլ թղթի վրա մի քանի ազգանուն գրեցի ու այդ թուղթը տվեցի քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ասացի՝ փոխանցիր նկարիչներին ու ասա, որ միայն սրանց ընտրեն: Արտոն էլ տարավ այդ թուղթը տվեց Արա Սարգսյանին, մի մարդու, ում դեմ էի անում այդ ամեն ինչը: Ժողով արեցին 24 հոգով, իմ մասին ինչ ասես ասացին՝ «կապիտալիստական գաղափարներով դաստիարակված, հակասովետական շպիոն, երիտասարդությանը քայքայող»: Ինձ հեռացրին նկարիչների միությունից հակասովետական թռուցիկներ տարածելու համար:
   Վան Խաչատուրը այսօր մտահոգված է իր թանգարանի ճակատագրով: Եզնիկ Կողբացի 42 հասցեում սեփական միջոցներով ձեռք բերված 200 քառ. մետր տարածքում արվեստագետը ցուցադրում է իր աշխատանքները: Թվով 2600 նկար նա նվիրել է իր ժողովրդին ու հայրենիքին, բայց արդեն 15 տարի չի կարողանում հենց նույն հայրենիքին համոզել` ընդունել նվերը: 1991 թվականից մինչեւ հիմա նա դիմումներ ու նամակներ է գրում պետական այրերին` խնդրելով պետական կարգավիճակ տալ եւ տիրություն անել այն թանգարանին, որի վրա նրանք ոչ մի լումա չեն ծախսել:

ՆԱՌԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close