ՀԷԿԵՐԸ ԽԼՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՈՒՐԸ

  Armenian Russian English

   Այն, որ տարին տեղումնառատ չէր, պարբերաբար խոսում են բոլորը։ Սակայն բնապահպանները սակավաջրությունը պայմանավորում են ոչ այնքան եղանակային պայմաններով, որքան ջրային պաշարների սխալ օգտագործմամբ:
   Բանն այն է, որ, ըստ բնապահպանների, գետերի ու ջրամբարների ջուրը նախեւառաջ մատակարարվում է տնտեսավարողներին, որոնք հէկեր են շահագործում: Այնինչ օրենքով գերակա ոլորտը, որտեղ առաջին հերթին պետք է մղվի ջուրը, գյուղատնտեսությունն է: Հատկապես գյուղատնտեսական սեզոնին միայն ոռոգման կարիքները հոգալուց հետո նոր հավելյալ ջրաքանակը կարող է օգտագործվել հէկերի շահագործման համար: Բայց մեզանում գերակայությունը խախտվել է։
   Բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշում է, որ դեռեւս 1995թ. որոշում ընդունվեց ջրամբարներից, նաեւ Սեւանա լճից այլեւս էներգետիկ նպատակներով ջուր բաց չթողնել, այդ ջուրը օգտագործել գյուղատնտեսության կարիքների համար: Բայց անգամ այդ որոշումից հետո, մասնավորապես Սեւանա լճից առատորեն օգտվում էին հէկերի սեփականատերերը. «Սեւանի մակարդակը 2001թ. եւ դրան հաջորդող մեկ-երկու տարիների ընթացքում կտրուկ նվազեց, եւ երբ մենք փորձեցինք պարզել պատճառը եւ դիտարկումներ նախաձեռնեցինք, պարզեցինք, որ ձմռան ամիսներին Հրազդանը վարարած հոսում էր:
   Ակնհայտ է, որ այդ ջուրը ոռոգման համար չէր օգտագործվում, ձմռանը ի՞նչ ոռոգում: Ջուրն օգտագործվում էր էլեկտրաէներգիայի արտադրության համար, մղվում էր դեպի հէկեր, բայց պաշտոնապես դա որեւէ տեղ չէր երեւում եւ չէր արձանագրվում: Այնպես որ, ապացուցելն էլ դժվար էր:
   Այժմ նույն հաջողությամբ հէկերի սեփականատերերը գյուղացիների ջուրը խլում են նաեւ ջրամբարներից: Հենց դրանով է պայմանավորված դրանց կիսադատարկ լինելը, թեեւ պաշտոնյաները չորային եղանակն են պատճառ բռնում: Սակայն եղանակն այս տարի այդքան սակավաջուր չի եղել, եւ ջրերի խելացի կառավարման դեպքում հնարավոր էր դրանք ավելի շատ լցնել»:
   Այս տարի Ախուրյանի ջրամբարը 60 տոկոսով լցված է, մինչդեռ «Արփի լիճ» ջրամբարում լցվածությունը 22 տոկոս է, Ազատի ջրամբարում` 56, Մարմարիկի ջրամբարում` 33, Ապարանի ջրամբարում` 27 տոկոս: Բնապահպանը նշում է, որ ջրամբարները, որոնք լցնող գետերի վրա ավելի մեծ թվով հէկեր են կառուցված, քիչ են լցվում կամ էլ դրանից ջուրն անօրինականորեն արտահոսում է դեպի մոտակա հէկեր: Իսկ արդեն գարնանը՝ ոռոգման սեզոնին, գյուղացիներին մատակարարելու շատ քիչ ջուր է ամբարված լինում:
   Իսկ հնարավո՞ր է առանց պետական կառույցի իմացության ջրամբարների ջուրը գաղտնի օգտագործել։ Բնապահպանը հայտնեց, որ պետական կառույցը վերահսկողություն է իրականացնում, եւ նրա աչքից չէին վրիպի ջրի գողության դեպքերը: Ամենայն հավանականությամբ կոռուպցիոն դրսեւորումներով որոշ տնտեսավարողներ կարողանում են ամեն կերպ լրացնել իրենց ջրային պաշարները՝ անտեսելով երկրի գյուղատնտեսական շահերը:
   «Այս անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման հետեւանքները կոտրվում են Սեւանա լճի վրա: Արդեն իսկ այս տարի Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը բարձրացվել է՝ ձմռանը քիչ տեղումներ լինելու պատրվակով: Բայց այդ կերպ նրանք փորձում են քողարկել իրենց անօրինականությունները»,- ասում է բնապահպանը՝ հավելելով, որ Հայաստանում գործող հէկերի մեծ քանակությունը երբեւէ թույլ չի տա, որ ջրամբարներն ամբողջությամբ լցվեն: Ըստ նրա՝ խնդիրը պարբերաբար շոշափվում է, բայց ոչ միայն խնդիրը չի լուծվում, այլեւ նոր հէկեր կառուցելու թույլտվություններ են տրվում:
   «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆՆ էլ վստահեցնում է, որ եթե անգամ հէկերը ջրամբարներից ջուր չեն վերցնում, ապա խոչընդոտում են դրանց լցվելուն՝ անմիջապես դեպի ջրամբար հոսող գետերից ու առուներից ջուրը ուղղելով դեպի իրենց կայաններ, թույլ չտալով, որ դրանք հասնեն մինչեւ ամբարներ:
   Բերբերյանը համաձայն չէ իրավասուների այն տեսակետին, թե այս տարին խիստ չորային էր, ինչի պատճառով էլ ջրամբարները չեն լցվել. «Իմ կարծիքով, միջին տարի էր Հայաստանի համար, չորային, սակայն երաշտի սպառնալիք չկա: Այնպես որ Սեւանից հնարավոր լրացուցիչ ջրառի մասին խոսակցությունները հիմնավորված չեն: Ջրամբարների ջուրն այս տարի կբավականացներ մեզ, սակայն խնդիրն այն է, որ դրանք շատ քիչ են լցվել: Պատճառը ոչ այնքան եղանակն է, որքան ջրամբարները սխալ շահագործելը:
   Մասնավորապես ջրամբարներից դուրս եկող գետերի վրա հէկերի ինտենսիվ կառուցումը, որոնք փաստորեն յուրացնում են գյուղացուն հասանելիք ջուրը: Այս խնդիրը նոր չէ, առկա է վերջին 5-6 տարիների ընթացքում, եւ ամեն անգամ մեղավորները փորձում են մեր աչքին թոզ փչել՝ մեղքը բարդելով եղանակի վրա»:
   Ըստ նրա՝ այսօր Արփա լճի մակերեւույթը նվազել է այդտեղ լցվող ջուրը մոտակա հէկերին տալու պատճառով: Եվ այժմ լճի մոտ գտնվող երկու կղզիները թերակղզի են դարձել:
   «Փոխանակ Արփա լիճը լցնեն, ջուրն այնտեղից բաց են թողնում Ախուրյանի ջրամբար, բայց ոչ թե այն լցնելու, այլ ջրամբարի ճանապարհին կառուցված 5 հէկերն աշխատեցնելու նպատակով: Փոխանակ Արփա լիճը լցնենք, Ախուրյանի ֆերմերներին ապահովենք ջրով, մեր ջուրը տալիս ենք հէկերին: Ընդհանրապես հէկերը պետք է ոռոգման համակարգից հեռու լինեն: Իսկ մեզ մոտ դրանք տեղակայված են հենց ջրամբարների մոտ՝ հավանաբար ի սկզբանե դրանցից սնվելու նպատակ ունենալով»,- ասաց Բերբերյանը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close